Շիրակի մարզպետը արտագաղթի մասին

fotorcreated«Մեր մարզում ավելացել է ներառական կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ների թիվը: Ճանապարհների ամառային ու ձմեռային հատկացումների հետ կապված ունենք աճ՝ շուրջ 22 միլիոն դրամով: Աճ ունենք նաև համայնքներին տրվող դոտացիաների առումով: Կարող եմ ասել, որ նվազագույն խնդիրները մարզում կարող ենք լուծել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ հավելելով, որ հատկացվող բյուջեն հիմնականում բավարարում է նվազագույն խնդիրներին լուծման համար:

Դիտարկմանը, թե վարչապետը հորդորել է խնայողություններ կատարել, և հարցին, թե մասնավորապես ո՞ր ոլորտներում են կատարվելու խնայողությունները, Սիմոնյանը պատասխանեց, որ խնայողությունները վերաբերում են բոլոր ոլորտներին, որտեղ հնարավոր է կատարել՝ առանց խանգարելու բնականոն գործունությանը:

Դիտարկմանը, որ Շիրակի մարզը մշտապես համարվել է աղքատության և արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող մարզ, և հարցին՝ ի՞նչ եք անելու, որ այդ չափանիշները նվազեն, պատասխանեց, որ վարչապետի հանձնարականով աշխատում են մարզի զարգացման հետ կապված ծրագրի շուրջ, և երբ պատրաստ լինի մարզի զարգացման ծրագիրը, այդ ժամանակ էլ կներկայացվի:

«Պետք է թղթին հանձնել այն, ինչն իրատեսական է, չի կարելի թղթին հանձնել անիրատեսական բաներ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Շիրակը չի կարելի համեմատել մյուս մարզերի հետ, քանի որ տարել է դաժան երկրաշարժ: «Մյուս մարզերում նման բան չի եղել, ենթակառուցվածքներ չեն վերացել, և մեկ քայլ մեզանից առաջ են: Աղքատության հիմնական պատճառներից մեկը դա է»,- նշեց մարզպետը:

Անդրադառնալով մարզի բնակարանային խնդիրներին՝ մարզպետը նշեց. «Բնակարանի խնդիր բոլոր մարզերում, բոլոր քաղքաներում էլ կա, բայց Շիրակի մարզում երբ որ ընտանքիքն աճում է, ուզում են առանձին ապրել, տնակներնէժան են, տնակ են գնում, եթե այդ տնակները չլինեին, մարդիկ բնակարաններ գնելու մասին կմտածեին»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ 2017-ին կավարտվի երկրաշարժից հետո անօթևան մնացածներին բնակարականով ապահովելու խնդիրը:

Մարզից անընդհատ ավտոբուսները լցված հեռանում են մարդիկ. այս դիտարկմանն ի պատասխան՝ մարզպետը նշեց. «Բոլոր տեղերից էլ գնում են: Բոլորը Շիրակով են անցնում, թվում ա, թե Շիրակից են գնում»:

1in.am

Տպել Տպել