«Դաշնակցությունը հավակնում է ունենալ մեծամասնություն ապագա խորհրդարանում». Բագրատ Եսայան

arfparliamentaryfactionroaՏեղական ինքնակառավարման մարմիինների ընտրությունները երբեք չափանիշ չեն համապետական ընտրություններին մասնակցելու համար, այնտեղ ուրիշ խնդիրներ են դրվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ հավաքած ձայների քանակին:

Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ նախընտրական շտաբն արդեն ձևավորվել է ու շտաբի ղեկավար է նշանակվել Աղվան Վարդանյանը:

Բագրատ Եսայան

Բագրատ Եսայան

«Որևէ կուսակցություն խորհրդարանական ընտրություններում պայքարի մեջ մտնում է միայն հաղթելու նպատակով: Մենք հավակնում ենք ունենալ մեծամասնություն, ինչպես որևէ այլ քաղաքական ուժ: Քաղաքական պայքարի տրամաբանությունը մեկն է, քաղաքական ուժը միշտ ձգտում է ստանալ ամբողջական իշխանություն»,-ասաց Բագրատ Եսայանը:

Tert.am-ի դիտարկմանը, թե Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ դաշնակցությունն «այնքան էլ լավ վիճակում չէ», արդյոք ինքը կարծում է, որ ՀՅԴ-ն միայնակ կարող է ընտրությունների գնալ ու խորհրդարան մտնել, առավել ևս, մեծամասնություն ունենալ, Բագրատ Եսայանն ասաց. «Երբ որ ասում եք՝ այնքան էլ լավ վիճակում չէ, դա սուբյեկտիվ գնահատական է: ՏԻՄ ընտրությունները երբեք չափանիշ չեն եղել համապետական ընտրություններին մասնակցելու համար, այնտեղ ուրիշ խնդիրներ են դրվում, ուրիշ առաջնահերթություններ կան … Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել»:

Բագրատ Եսայանը նաև համոզված է, որ ՀՅԴ-ն միայնակ է գնալու խորհրդարանական ընտրությունների ու դաշինք չի կազմելու որևէ ուժի հետ: «Միշտ մասնակցել ենք որպես առանձին քաղաքական ուժ և սա թույլ է տալիս ենթադրել, որ ՀՅԴ-ն ընտրություններին կգնա որպես առանձին ուժ»,-ասաց դաշնակցականը:

Թերթ.am
26-11-2016

Տպել Տպել