Այն, ինչ ունենք «Կուսակցությունների մասին» օրենքով, չափից դուրս անբավարար է

Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը:

Փոփոխություններից մեկն այն է, որ կուսակցությունը գրանցման պահին պետք է ունենա հարյուր հիմնադիր, իսկ գրանցումից վեց ամիս անց` 1000 անդամ: Գրանցումից 6 ամիս անց կուսակցությունը պետք է տարածքային ստորաբաժանումներ ունենա Հայաստանի ամբողջ տարածքում:

Մյուս փոփոխությունն էլ այն է, որ եթե գրանցման պահին կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին, օրինակ՝ կանոնադրության մեջ կարող է լինել սահմանադրական կարգի բռնի տապալման պահանջ, ապա գրանցումը մերժվում է:

Մեկ այլ փոփոխություն` կուսակցությունների՝ երկու տարին մեկ համագումար անցկացնելու պարտադիր պահանջը ենթակա է փոփոխության:

Նախարարը նշեց, որ պատրաստ է լսել ու քննարկել առաջարկություններ:

fotorcreated

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց նրան` նշելով, ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական առանցքային դերակատար են դառնալու քաղաքական կուսակցությունները: Սակայն, ակնհայտ է նաև, որ քաղաքական կուսակցություններն ունեն որոշակի ֆինանսական ինքնաբավության խնդիր, քանի որ միշտ իշխանության մեջ եղած քաղաքական ուժերը տնօրինում են ավելի շատ միջոցներ, նաև` իրենց գաղափարները տարածելու ու ազդեցություն ունենալու առումով, իսկ այն, ինչ ենթադրում է օրենսդրությունը, չափազանց նվազ գումար է: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ե՞րբ են անդրադառնալու հենց այդ խնդրին, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, և նրանք, որոնք որոշակի տոկոս են ապահովել ընտրություններում, իսկապես կարողանան իրենց հարմարավետ զգալ և նվազագույն պահանջները հոգալ տարածքներում: Ըստ պատգամավորի` այն, ինչ հիմա ունենք օրենսդրությամբ, չափից դուրս անբավարար է: Մինչդեռ` կուսակցությունների քաղաքական մոդելի կայացումը պետության խնդիրը պետք է լինի:

«Քաղաքական համակարգի կայացման համար անհրաժեշտ է, որ հանրության հետ աշխատանք տարվի, համապատասխան ուղղությամբ կուսակցության գաղափարները տարածվեն, մեկ օրում հազարավորները չանդամագրվեն: Կան կայացած երկրներ, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է կուսակցությունների հիմնադրամներ ունենալ, հիմնադրամներ, որոնք չեն ղեկավարվում կուսակցությունների կողմից, բայց այդ հիմնադրամների առաքելությունը աջակողմյան, ձախակողմյան, կենտրոնամետ գաղափարախոսությունը բնակչության շրջանում տարածելն է, և նրանք դարձյալ օգտվում են պետական աջակցությունից, այլապես, եթե ուզում ենք իսկապես պառլամենտական կայացած համակարգ ունենալ, ապա այս հարցերին մենք պետք է անդրադառնանք, որքան էլ պետական միջոցները սուղ են, ու դժվար է այդ մասին մտածել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով պատգամավորի հնչեցրած հարցերին` Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ հնչել են հարցեր` ֆինանսավորման հետ կապված: «Իրավացի եք, ֆինանսական միջոցների սղությունը առկա է, սակայն օրենքը ամրագրում է պետական ֆինանսավորման չափը»,- ասաց նախարարը` հավելելով, որ իրեն հետաքրքիր կլինեն կուսակցական գործիչների, պատգամավորների ու ՀԿ-ների առաջարկները:

Հարցն այն է, ըստ նախարարի, որ կուսակցությունները ոչ թե մեխանիկորեն ստանան այն ֆինանսավորումը, որը սահմանված է, այլ կուսակցությունը պետք է բավարարի որոշակի հստակ չափանիշների և միայն այդ դեպքում կֆինանսավորվի, որը կլինի տարբերակված:

«Հստակ տարբերակում պետք է մտցվի` կուսակցության գործունակության և քաղաքական դաշտում նրա դերակատարման հետ կապված, որից հետո պետական ֆինանսավորում կտրվի: Հիմնադրամների հետ կապված` քննարկվում են առաջարկներ, մոդելներ, և այս պահին չեմ կարող տալ դրական կամ բացասական պատասխան»,- ասաց նախարարը:

Աղվան Վարդանյանը արձագանքեց, որ հիմնադրամների մասով քաղաքական համակարգը ևս մեկ փուլ պետք է անցնի, որ պատրաստ լինի այդ խնդրին անդրադառնալ: Ինչ վերաբերում է կուսակցությունների պետական ֆինանսավորմանը, ըստ պատգամավորի, ակնհայտ է, որ այն, ինչ կա հիմա գործող օրենքով, խիստ անբավարար է:

«Կա օրենքը, կա մեր իրականությունը՝ իշխանության մեջ գտնվող ուժեր, ընդդիմադիր ուժեր: Ես նույնիսկ համաձայն կլինեմ, որ տարբերակում մտցվի, օրինակ` ԱԺ անցած քաղաքական ուժերի համար, որոնք ընդդիմություն են, այլ բանաձև լինի, որոնք իշխանություն են, այլ` բանաձև, գոնե ժամանակավոր` ինչ-որ առումով: Բայց մենք, անկախ պետական միջոցների սղությունից, պետք է օրենքում էական փոփոխություն անենք, եթե ուզում ենք, որ համակարգը սկսի գոնե կայանալ, քաղաքական կոռուպցիան նվազի, պարտավոր ենք թեկուզ մի քիչ գոտիները ձգել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նախարարը նշեց, որ հատուկ կքննարկեն առաջարկվող բոլոր բանաձևերը՝ զուգահեռ ուսումնասիրելով միջազգային փորձը:

yerkir.am

Տպել Տպել