Նա ամեն պատճառ ուներ Ծիծեռնակաբերդ գնալու

Կարեն Խանլարյանը Ռոուհանիի՝ Ցեղասպանությունը չճանաչելու մասին

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը Tert.am-ի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չգնալու փաստի առթիվ:

«Նա ամեն պատճառ ուներ գնալու Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցելու: Իրանը մեր տարածաշրջանում միակ երկիրն է, որ բարոյապես իրավունք ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ինչպես նաև՝ մյուս ցեղասպանությունները դատապարտելու»,- ասաց Կարեն Խանլարյանը:

fotorcreated

Նա նշեց, որ, իհարկե, հնարավոր է՝ Հասանի Ռոուհանիի՝ Ծիծեռնակաբերդ այցի դեպքում երկիրը քաղաքական խնդիրներ ունենար, բայց, ըստ նրա, հին պատմական կապերը հաշվի առնելով` Իրանն իրավունք ուներ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

«Այս խուսափողական, մի քիչ էլ պահպանողական դիրքորոշումն ինձ անհասկանալի է թվում, որովհետև Թուրքիան մի քանի օր առաջ ամենաբարձր մակարդակով Իրանի Պարսից ծոցի եռյակ կղզիների կապակցությամբ սխալ հայտարարություններ էր արել, որ իբրև դրանք պատկանում եմ ոչ թե Իրանին, այլ Պարսից ծոցի արաբական երկրներին: Այսինքն՝ Իրանի տարածքային ամբողջականության հարցի մասին էր խոսում Թուրքիան՝ մի քանի ազգերի հայրենիքը բռնագրաված երկիր, ընդ որում նաև՝ Հայաստանի»,- ասաց նա:

Այս համատեքստում՝ Կարեն Խանլարյանի համար անհասկանալի է Իրանի պահպանողական, չեզոք կեցվածքը: «Ես՝ որպես Իրանի պատգամավոր, ցանկանում եմ իրեն հարց ուղղել՝ այդ ինչպե՞ս է, որ հարևան երկիրը Իրանի հողային ամբողջականության մասին նման համարձակ ու սխալ հայտարարություններ է անում և մնում է գրեթե անպատասխան։

«Գրեթե անպատասխան, որովհետև արտգործնախարարության խոսնակը պատասխան հնչեցրեց, բայց դա այն չէր, համապատասխան չէր: Այդ համապատասխանության օրենքը չհարգվեց»,- նկատեց իրանահայ պատգամավորը:

Նա նշեց, որ նկատելի է, որ Թուրքիան առանձնապես չի փորձում իր հարաբերությունները բարյացակամ պահել Իրանի հետ: «Իսկ չէ՞ որ մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ Իրանի հետ: Ինձ համար սա է առեղծվածային, թե ինչու՞ է Իրանը այդ հարցում այդպես պահում իրեն»:

Կարեն Խանլարյանն օրինակ բերեց Իրանի նախկին նախագահների պահվածքը. Մոհամմադ Խաթամիի այցը Ծիծեռնակաբերդ, Մահմուդ Ահմադինեժադի օգնականի հայտարարությունը, թե Օսմանյան կայսրությունը 100 տարի առաջ հայերի նկատմամբ կոտորած է իրականացրել և այլն: «Ես զարմանում եմ, որ Ռոուհանիի իշխանությունը ցայժմ այս խնդրի վերաբերյալ մնացել է անտարբեր»,- նշեց նա։

tert.am

Տպել Տպել