ՀՅԴ առաջարկները չեն ընդունվել. Դաշնակցությունը դեմ է Արցախի Սահմանադրության նախագծին

Դաշնակցության Արցախի կառույցին այդպես էլ չհաջողվեց սեփական համոզմունքներն ու ընկալումները դարձնել ինչպես մասնագիտական հանձնաժողովի, այնպես էլ քաղաքական գործընկեր կուսակցությունների դիրքորոշում: Ընկալելով ստեղծված իրավիճակը և գիտակցելով երկրի ապագայի հանդեպ պատասխանատվությունը` «Դաշնակցություն» խմբակցությունը ներկայացված Սահմանադրության նախագծին քվեարկելու է դեմ:

Այս մասին Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ այսօր կայացած ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Ըստ ՀՅԴ-ի՝ Սահմանադրության թե՛ հայեցակարգի, թե՛ նախագծի վերաբերյալ ՀՅԴ-ն հրապարակավ ներկայացրել է իր տեսակետները՝ հույս ունենալով ներազդել ընթացող գործընթացներին:

«Սահմանադրության նախագիծը, որ ներկայացված է քննարկման, չի համապատասխանում այդ հրամայականներին: Մեզ անհրաժեշտ է երկիրն օժտել կառավարման այնպիսի համակարգով, որը համապատասխան լինի մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը և քաղաքակիրթ աշխարհին ինտեգրմանը»,-հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ նման համակարգը համակարգը, ՀՅԴ պատկերացմամբ, համամասնական ընտրություններով կառավարման խորհրդարանական համակարգն է. սահմանադրության նախագծով առաջարկվում է գերկենտրոնացված նախագահական համակարգ:

«Քննարկման ենթակա Սահմանադրության նախագծով նախատեսվող կառավարման համակարգը, որևէ երկրում գործող կառավարման համակարգի հետ աղերսներ չունի, որն ավելի է խորացնում թերահավատությունը տվյալ փաստաթղթի նկատմամբ:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունն անկախ իր դիրքորոշումից և ունեցած վերաբերմունքից մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների բոլոր հանգրվաններին, մասնագիտական հանձնաժողովին ներկայացնելով իր առաջարկների գրավոր փաթեթը:

Հանձնաժողովի կողմից ընդունվել են որոշակի առաջարկներ, սակայն առանցքային քաղաքական նշանակության առաջարկություններն այդպես էլ մնացին թղթի վրա»,-հայտարարում է Դաշնակցությունը:

Նշենք, որ ՀՅԴ նոր Սահմանադրությանը դեմ է նաև ԼՂՀ ԱԺ անդամ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

tert.am

Տպել Տպել