Ժողովուրդը թող ինքը որոշի

Հունվարի 17-ին ձայների 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Արցախի Ազգային ժողովը որոշեց հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դեմ են քվեարկել Դաշնակցություն և «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները։

«Առաջին լրատվական»-ը զրուցեց Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության քարտուղար, պատգամավոր Ռիտա Մնացականյանի հետ։

Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության քարտուղար, պատգամավոր Ռիտա Մնացականյան

– Տիկին Մնացականյան, ինչո՞ւ Դաշնակցությունը դեմ քվեարկեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկությանը։

– Դաշնակցության համար ընդունելի է կառավարման խորհրդարանական համակարգը։ Իսկ նոր Սահմանադրությամբ գերկենտրոնացված է նախագահական համակարգը։ Սա Դաշնակցության ընդհանուր սկզբունքն է։

– Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել էր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Դաշնակցության հետ, ձեր մոտեցումը ներկայացրե՞լ էիք։

– Այո, իհարկե՝ շատ պարզ ու հստակ։

– Եվ ինչպե՞ս է արձագանքել։

– Ասել է, որ դա մեր իրավունքն է, բայց փոփոխության ենթակա չէ։

– Արցախում ինչպե՞ս են վերաբերվում առհասարակ կառավարման մոդելի փոփոխությանը։ Կան կարծիքներ, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ուժեղ նախագահական կառավարման մոդել ունենալը անհրաժեշտություն է։

– Արցախում կան հակադիր կարծիքներ։ Հանդիպումների ժամանակ պարզ դարձավ, որ կան և՛ խորհրդարանական կառավարման մոդելի, և՛ ուժեղ նախագահական մոդելի կողմնակիցներ։ Համենայնդեպս, ասում են՝ ձայն բազմաց՝ ձայն Աստծո. ժողովուրդը թող ինքը որոշի։

– Վերջերս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը Արցախում հանդիպել են Բակո Սահակյանի հետ։ Հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվել։

– Նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում. քննարկել են Արցախյան հարցը, դրա միջազգային ճանաչման հարցը։

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Արցախյան հիմնահարցը հիմա Հայաստանում ներքաղաքական օրակարգ է մտել՝ նախընտրական շրջանում շատ կուսակցություններ «խաղում են» հենց այս հարցի շուրջ։

– Չեմ կարծում, թե հենց ընտրությունների նախաշեմին է այդպես։ Կարծես բոլոր կուսակցությունները իրենց նախընտրական ծրագրերում էլ ներառում են Արցախի հարցը, բայց նրանք նախևառաջ այդ հարցը պետք է քննարկեն Արցախի ժողովրդի, մեր կուսակցությունների հետ, հետո նոր ներկայացնեն իրենց ծրագիրը։

1in.am

Տպել Տպել