Քաղաքական մոտեցումները պետք է փոխվեն

Ամերիկահայությունը պատրաստ է աշխատել նոր վարչակազմի հետ

Հունվարի 20-ին ԱՄՆ-ում իշխանության կգա նոր վարչակազմ: Ինչպիսի անդրադարձ կունենա վարչակազմի փոփոխությունը հայությանը հուզող խնդիրների վրա, մեկնաբանում են ամերիկահայ կազմակերպությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Որոշ մոտեցումներ պետք է շարունակվեն, սակայն կան քաղաքական մոտեցումներ, որոնք պետք է փոխվեն: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Թրամփի վարչակազմի հետ այդ խնդիրների շրջանակում»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նախընտրական շրջանում ամերիկահայ կազմակերպությունները չեն սատարել թեկնածուներից ոչ մեկին՝ կոչ անելով ամերիկահայությանը քվեարկել սեփական նախաձեռնությամբ:

«Մենք չենք աջակցել նախագահի թեկնածուներից ոչ մեկին, քանի որ կարծում ենք, որ նրանցից ոչ մեկը չէր վաստակել մեր աջակցությունը : Սակայն անհատ շատ ամերիկահայեր ակտիվ էին ինչպես Թրամփի, այնպես էլ Քլինթոնի ճամբարում եւ մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ» ,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ամփոփելով հեռացող վարչակազմի գործունեությունն՝ ամերիկահայ կազմակերպությունները համակարծիք են, որ առկա է հիասթափություն հատկապես Հայոց ցեղասպանության հարցում:

«Օբամայի վարչակազմը սկզբում աննախադեպ հուսադրող էր եւ խոստումնալից, սակայն նրա խոստումները Արցախի, Ցեղասպանության, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին մնացին չկատարված: Ավելի շատ խոսքեր էին, քան արդյունքներ» ,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ինչպիսի՞ ակնկալիքներ ունի ամերիկահայությունը նորընտիր նախագահ Թրամփից:

«Թրամփի վարչակազմը տարբերվելու է նախորդից եւ հիմնովին փոխելու է ամերիկյան ավանդական քաղաքականությունը: Մենք հույս ունենք, որ այդ փոփոխությունները դրականորեն կանդրադառնան Ցեղասպանության ու Արցախի ճանաչման խնդիրներին»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ինչպիսի՞ դիրքորոշումներ կորդեգրի Դոնալդ Թրամփի գալիք վարչակազմը Հայաստանին եւ Սփյուռքին հուզող խնդիրների վերաբերյալ, դեռեւս վաղաժամ է ասել: Ամերիկահայ կազմակերպությունները կշարունակեն ջանքեր գործադրել՝ հայկական օրակարգը մայրաքաղաք Վաշինգտոնում առաջ տանելու ուղղությամբ եւ պատրաստ են աշխատել նոր վարչակազմի հետ:

news.am

Տպել Տպել