Լեւոն Մկրտչյանը` կեղծ դիպլոմների մասին

Ինչպես հայտնի է` հունվարի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք էր առաջադրել ոչ պետական երեք բուհերի ռեկտորների: Նրանք մեղադրվում են կեղծ հիմքերով ավարտական դիպլոմներ տրամադրելու մեջ: Այս գործով նախաքննությունը դեռեւս ԱԱԾ-ում շարունակվում է:

Նշենք, որ ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե որ ոչ պետական բուհերի ռեկտորներն են նման քայլի գնացել, արդյուքում մի շարք բուհերի ռեկտորների մոտ ԱԱԾ-ի հաղորդագրությունը դժգոհության առիթ էր տվել, թե ինչու նախաքննությունը իրականացնող մարմինը հստակ չի ներկայացնում, թե կոնկրետ որ ոչ պետական բուհերն են: Ըստ նրանց` այս կերպ մյուս ոչ պետական բուհերի գործունեությունն են վտանգում:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» ը զրուցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:

-Պարո°ն Մկրտչյան, ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք էր առաջադրել ոչ պետական երեք բուհերի ռեկտորներին` կեղծ հիմքերով ավարտական դիպլոմներ տրամադրելու առիթով: Ինչ է անում նախարարությունը` խնդիրը լուծելու համար:

-Քրեական գործը հարուցված է, ընթացքը գնում է, տարիներ առաջվա խնդիր է, պետք է փորձենք հասկանալ: Քննության արդյունքներից հետո, բնականաբար, մենք կկատարենք համապատասխան քայլեր:

-Այս բացահայտումից հետո ոչ պետական բուհերի մի շարք ռեկտորներ հայտարարություն էին տարածել, որ դիմել են իրավապահներին` պահանջելով, որ հայտնեն այն բուհերի անունները, որոնք նման քայլի են գնացել, քանի որ թերի հաղորդագրությունը վնասում է իրենց գործունեությանը:

-Երեւի քննական ընթացքի մեջ է, դա է պատճառը, որ անունները չեն հրապարակել:

-Ինչու Դուք` որպես ՀՀ կրթության եւ գիտության նախարար, չեք դիմում ԱԱԾ-ին` պահանջելով, որ պաշտոնապես հայտարարեն, թե որ բուհերն են եղել: Վախենում եք, թեւ այլ խնդիր կա:

-Գիտեք, երբ քրեական գործ է հարուցվում եւ քրեական գործին ընթացք է տրվում, մենք ստանալու պարագայից կարող ենք համապատասխան քայլ կատարել:

-Փաստ է, որ ռեկտորները նման քայլի են գնացել: Անգամ, եթե տարիներ առաջվա խնդիր է եղել, ինչ է անում այսօր նախարարությունն այս ուղղությամբ:

-Մենք ունենք հավատարմագրման գործընթաց, ունենք բարձրագույն ուսումնական հաստատությունների նոր օրենք, բավականին քննարկելիք հարցեր ունենք: Որակի հարցը ոչ պետական հաստատություններում նույնքան կարեւոր է, որքան պետական հաստատություններում: Այսինքն` եթե կան քրեական բնույթի խնդիրներ, դա բոլորովին այլ հարց է, եթե կան ընդհանուր որակի, թվաքանակի մտահոգություններ, դրանով մենք զբաղվում ենք: Նայեք` կեղծ դիպլոմների փաստեր, կեղծ ատեստատների հարցեր, մշտապես իմ գործունեության ընթացքում հանդիպել ենք, որը քրեորեն պատժելի է, եւ, իսկապես, այստեղ որեւէ զիջողականության եւ այլնի մասին խոսակցություն չի կարող լինել: Որքան ես հասկանում եմ` այս վերջին դեպքը կապված է այն բանի հետ, որ արտասահմանյան որոշ քաղաքացիներ ստացել են վկայականներ:

– «Կասկածյալ» բուհերի ռեկտորները լռում են իրենց առաջադրված մեղադրանքների մասով: Դուք խոսել եք իրենց հետ, ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքը:

-Քանի որ պաշտոնական դեռ որեւէ խնդիր չկա իմ առաջ դրված` ի տարբերություն ռեկտորների, իրավասու չեմ որեւէ արտահայտություն կամ խոսք ասել:

-Ոչ պետական բուհերը ավելի շատ բացվեցին Ձեր նախորդ նախարարության օրոք: Հետագայում ոչ պետական բուհերը փակելը դժվար գործընթաց դարձավ:

-1998 թվականին, երբ ես առաջին անգամ նախարար էի, հանրակրթության մասին օրենքում մի հատված գրեցինք, որ պետական պետք է լինեն միայն բժշկական եւ պաշտպանության բնագավառի բուհերը, հետագայում ես չէի, եւ ընդունվեց մի ձեւակերպում, որ բժշկական բուհերը եւս պետք է ունենան ոչ պետական: Երբ ես առաջին անգամ նախարար էի, արդեն 200 բուհ գրանցված էր: Ցանկացած բուհի փակելու խնդիրը պետք է ուշադիր նայենք, այստեղ ամենակարեւորը երեւի լիցենզիոն պայմանների առկայությունն է, լուրջ պետք է նայենք լիցենզիոն պայմանը, հետո որակը, որից հետո հավատարմագրումը:
Եթե ուշադիր նայենք մինչեւ 2018 թվականը, պետք է Հայաստանի բոլոր բուհերը հավատարմագրված լինեն մեր հավատարմագրման ծառայության կողմից: Ուրեմն սա նշանակում է, որ մենք պետք է խրախուսենք ոչ պետական բուհերի խոշորացման գործընթացին, պետք է ոչ թե գնանք ավտոմատ ուսանողներին փողոց նետելու կամ եղած արդյունքը ջարդելու, այլ պետք է վիճակ ստեղծենք, որ այս բուհերը խոշորանան եւ լինեն որակյալ:

Զրուցեց Քնար Մանուկյանը

«Ժողովուրդ» օրաթերթ

Տպել Տպել