Արցախը և ազատագրված տարածքները մեզ համար զարգացման հնարավորություն են, ոչ թե բեռ

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշմանը, նշեց, որ իրենք երկրի զարգացումը չեն փորձում կապել Արցախի հետ:

«Հայտնի թեզ կա, որ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, Սերգո՛ ջան, լավ չես ապրի, բնականաբար մենք դրան բացարձակ հակառակ դիրքերից ենք նայում: Արցախը և ազատագրված տարածքները մեզ համար զարգացման հնարավորություն են, ոչ թե բեռ են, որից պետք է ազատվել: Դրա համար մեր կարգախոսն է, որ Հայաստանը պետք է զարգանա առանց ազգային շահերը զիջելու»,-ասաց նա:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ Արցախի բանակցային գործընթացի հետ կապված հստակ ասել են, որ պետք է պաշտպանել այն, ինչը ԼՂ ժողովուրդն իր Սահմանադրությամբ փաստել է:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՅԴ մոտեցումները ինչ-որ առումով տարբերվո՞ւմ է այսօրվա իշխանության դիրքորոշումներից, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ղարաբաղի ժողովրդի մոտեցումը մեզ համար ուղղորդող մոտեցում է: Քանի դեռ Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել, Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել, խոսել որևէ զիջման մասին անիմաստ է, վերջ: Փոխզիջումն այդտեղից է սկսվում. կարգավիճակ տարածքների դիմաց հասկացությունը, որը գլխիվայր են շուռ տվել, պետք է վերականգնվի, և ըստ էության այսօրվա իշխանությունները դա փորձ են անում վերականգնել: Այսինքն` սկզբում կարգավիճակ, հետո տարածքների մասին խոսակցություն: Մինչ հիմա եղել է հակառակը, որը մեզ համար անընդունելի է»:

Նա նշեց, որ չեն խոսում որևէ զիջման մասին, քանի դեռ Ղարաբաղի անկախությունը Ադրբեջանը չի ճանաչել: Արմեն Ռուստամյանը նկատեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ որևէ ձևով հարցը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով:

«Նա հասկանում է, որ արգումենտներ չունի բանակցային սեղանին ներկայացնելու, միակ փաստարկը ուժով հարցը լուծելն է, սա է իր մոտեցումը: Ադրբեջանին ձեռնտու չէ հրադադարի ռեժիմի պահպանումը, դրա համար բոլոր այն մեխանիզմները, որոնք կոչված են դա փաստելու, նա դրանցից հրաժարվում է: Այսինքն՝ նա ցույց չի տալիս, որ պատրաստ է խաղաղ բանակցությունների միջոցով հարցը կարգավորել»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը չի կատարում նաև Մինսկի խմբի պահանջները:

Ըստ նրա՝ Մինսկի խմբի արձագանքը համարժեք չէ Ադրբեջանի գործողություններին և գտնում է, որ պետք է ավելի հասցեավորված՝ հստակ ասվի, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները:

tert.am

Տպել Տպել