Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել եվրոպացիների` Արցախ այցելությունն ապահովելու ուղղությամբ

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել եվրոպացի գործիչների` Արցախ այցելությունն ապահովելու ուղղությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը Լապշինի դեպքով փորձում էր խաթարել այդ գործընթացը, սակայն տեսավ, որ ոչ մի ազդեցություն այն չունեցավ:

«Լապշինի դեպքը ազդեցություն չունեցավ, դրա համար էլ Ադրբեջանը խոսեց Արցախ այցելած եվրոպացի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին: Իրականում եվրոպացի պատգամավորները եկել են, գալիս են և շարունակելու են գալ Արցախ: Այդ մասին իրենք նույնպես հայտարարել են»,-ասաց Գասպար Կարապետյանը:

Նրա խոսքով, ընթացիկ տարում նույնպես կլինի եվրոպացի գործիչների պատվիրակությունների այց Արցախ: Եվրոպացի գործիչները պետք է անձամբ տեղում հասկանան խնդիրը:

«Տարիներ շարունակ Արցախի հարցը եվրոպացի գործիչներն ընկալում էին այսպես` պատերազմ, տարածքի խնդիր: Վերջին տարիներին զգալի աշխատանքի արդյունքում իրողությունը փոխվել է, հասարակության տարբեր շերտերին հասցվում է Արցախի իրական խնդիրը: Դրանից բացի, եվրոպացի գործիչներն, անձամբ այցելելով Արցախ, հնարավորություն են ունենում տեղում շփվել բնակիչների հետ, հասկանալ, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց ապագան»,-հավելեց Գասպար Կարապետյանը:

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը նախատեսում է ընթացիկ տարում ակտիվացնել աշխատանքը Եվրոպայի զբոսաշրջային կազմակերպությունների հետ: Նպատակն է ակտիվացնել եվրոպացի զբոսաշրջիկների այցելությունն Արցախ:

«Առաջիկայում նախատեսում եմ հանդիպումներ զբոսաշրջության ոլորտում խոշոր ընկերության հետ: Այդ ընկերությունը մեծ թվով տուրիստական օպերատորներին փաթեթներ է վաճառում: Նախնական պայմանավորվածություն կա, որ այդ ընկերության ներկայացուցիչներն այցելեն Հայաստան, Արցախ, գնահատեն զբոսաշրջային հնարավորությունները»,-ասաց Գասպար Կարապետյանը: Նա ընդգծեց, որ Արցախը զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունի, հակապես կրոնական շեշտադրմամբ:

2016 թվականին Բելգիայում կազմակերպվել են միջոցառում, որի ընթացքում ներկայացվել է Արցախի զբոսաշրջային, տնտեսական հնարավորությունները:

Թուրքիան գնալով միապետական երկիր է դառնում, զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը` նշելով, որ Թուրքիան գնալով հեռանում է Եվրոպայից:

«Մենք աշխատում ենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, հատուցման հարցն ենք բարձրացնում: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընթացքի մեջ է մտել: Պետք է հետամուտ լինենք, որպեսզի Թուրքիայի մեջ էլ տարածվի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ու հատուցման հարցը բարձրացվի: Բայց Թուրքիան գնալով ավելի միապետական երկիր է դառնում: 2005 թվականից Թուրքիայի մեջ բավականին փոփոխություններ արեց Էրդողանը, որպեսզի ցույց տա, որ առաջադիմական է, բայց, եթե Թուրքիան չի ճանաչում իր անցյալը, ուրեմն չի կարող լինել ժովորդավար, այն Եվրոպային մոտենալու փոխարեն` հեռանում է»,-ասաց նա:

Գասպար Կարապետյանը նշեց, որ հունիսին եւ հոկտեմբերին իրենք նախատեսվում են կլոր սեղան կազմակերպել, որի ընթացքում քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցը:

Տպել Տպել