ՀՀ դպրոցներում ցեղասպանություն կդասավանդեն

ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը եւ Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը ստեղծել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ քննարկվեց ԿԳ նախարարությունում՝ մարտի 1-ին: Ձեռնարկն ի սկզբանե նախատեսված է եղել Սփյուռքի դպրոցների համար, իսկ 2016-ին ձեռնարկի լրամշակված տարբերակը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով երաշխավորվել է գործածել նաեւ ՀՀ հանրակրթական դպրոցների համար:

Ռուբինա Փիրումյան

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Փիրումյանը ներկայացնելով ձեռնարկը՝ նշեց. «Հայաստանում ցեղասպանության դասավանդումը բավական երկար ճանապարհ է անցել: Անկախությունից հետո այս խնդիրը բարձրացվել է, որ Հայոց ցեղասպանությունն ու հայկական հարցը պետք է դասավանդվեն դպրոցում: Բավական երկար ճանապարհ կտրելուց հետո որոշ արդյունքի ենք հասել՝ շնորհիվ նախարարի: Այն ժամանակ էլ ԿԳ նախարարը Լեւոն Մկրտչյանն էր, երբ ինձ առաջարկեցին գրել դասագիրքը, որը մի քանի փուլ ունեցով՝ նախ Հայոց ցեղասպանության պատմությունը գրեցինք, որ ավելի բարձր դասարաններում պարապեն, եւ նոր պատմությունը, որ երեխաներին փոքր տարիքից կարելի է պարապել»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք փոքր տարիքի երեխաների հետ մահվան, ցեղասպանության մասին խոսելը հոգեկան տրավմաների չի՞ բերի: «Այս հարցը բավականին ծեծվել է, ԱՄՆ-ում մանկավարժների, հոգեբանների հետ խորհրդակցել ենք: Նկատի ունենալով այլ ժողովուրդների փորձը, օրինակ՝ հրեաներինը, կարեւորել ենք այն, թե ինչ մեթոդով եւ որքան պետք է ցեղասպանությունից խոսել երեխաների հետ: Ցեղասպանությունը բարդ հասկացություն է, եւ այդ հասկացությունը դասավանդելու համար երեխան պետք է մտավոր պատրաստություն ունենա: Զանազան թեմաներով երեխային պետք է պատրաստել: Օրինակ, առաջին դասարանում երեխան պետք է սովորի՝ ինչ է արդարությունը, ինչպես կարելի է դժվար վիճակից դուրս գալ, ինչ է կորուստը, ինչպես կարելի է հաղթահարել այն եւ այլն: Սրանք թեմաներ են, որ փոքր երեխաները կարող են ընկալել: Եվ երբ ապրիլն է գալիս, ուզենք, թե չուզենք, երեխաներն առնչվում են ապրիլի 24-ի, Ծիծեռնակաբերդի հետ: Արդեն այդտեղ կարելի է իրենց մտավոր պատրաստության մակարդակի սահմաններում խոսել՝ առանց արյունալի, սոսկալի տեսարանների: Մենք զոհի հոգեբանություն չի, որ տալիս ենք երեխաներին, ցեղասպանությունը մեր պահանջատիրության հիմքն է, չէ՞ որ մեր հանդեպ այդպիսի անարդարություն է կատարվել: Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք, որն ամեն օր կրում է իր վրա այդ անարդարությունը: Ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է, դրա համար էլ մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ: Պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրք եւ քուրդ ժողովուրդը մեծ մասնակցություն է ունեցել ցեղասպանություն իրականացնելիս, բայց նրանց հանդեպ չպետք է ատելություն սրսկել»,-հավելեց ձեռնարկի հեղինակը: Նրա խոսքով, պետք է երեխաներին ցույց տալ, թե թուրքերն ինչու են ուրանում եւ նրանց ուրացումը պատմական առանցք չունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.asm

Տպել Տպել