Ընտրելու ենք խորհրդարան, որն ինքն է ամեն ինչ որոշելու

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրողների հետ: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին, նշեց, որ եթե նրանք վաճառում են իրենց ընտրական իրավունքը, ապա դրանից բխում է մնացած իրավունքների ոտնահարումը: «Եթե մենք չվերականգնեք այս իրավունքը, մեր երկիրը ոչ մարդու իրավունքներ կարող է հարգել, ոչ էլ այլ իրավունքների մասին ընդհանրապես հնարավոր է խոսել»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի` կատարվել է մեծ փոփոխություն, ընդ որում` ՀՅԴ-ի անմիջական ջանքերով: «Մենք այլևս ոչ թե ընտրում ենք մի անձի, որին պատկանում էր ամբողջ իշխանությունը, այլ մենք ընտրելու ենք խորհրդարան, որն ինքն է ամեն ինչ որոշելու»,- ասաց նա, ապա հավելեց. «Հիմա այս ընտրապայքարում էլ բոլոր քաղաքական ուժերը ասում են` գանք, փոփոխություն ենք անելու: Մենք ասում ենք` արդեն այդ փոփոխությունների մի զգալի մասն արել ենք և ոչ թե պետք է նոր անենք»:

Ռուստամյանի խոսքով` նոր` խորհրդարանական համակարգը Դաշնակցության պահանջն է եղել միշտ` 1991 թվականից սկսած: Նա նշեց, որ երբ 1990-1991 թվականներին Հայաստանում Գերագույն խորհուրդն էր ղեկավարում երկիրը, դա մեր երկրի ամենաժողովրդավարական ժամանակահատվածն է եղել, իսկ 1991 թվականից անցանք նախագահական համակարգի, և երկրի ընթացքը սկսեց ծռվել, ու սրա հետևանքները, ըստ նրա, մինչև հիմա կրում ենք: «Եթե կոլեգիալ որոշումներ կայացնելու մեխանիզմ չլինի, սուտ է` ով էլ եկավ, նույն ձևով գայթակղվելու է, իր կողմնակիցների համար լավ է լինելու, մյուսները բախտի քմահաճույքին են մնալու: Սա հասկանալով է, որ մենք փոխել ենք այս ամեն ինչը»,- ասաց նա և վստահություն հայտնեց, որ այս ընտրությունները լինելու են իրական, ընտրվելու է այնպիսի իշխանություն, որը բալանսավորված է լինելու:

Ըստ Ռուստամյանի` իրենց ջանքերով է, որ այսօր ընդդիմությունը խորհրդարանում 1/3 ներկայացվածություն է ունենալու, և որ առաջ երբեք նման բան չի եղել: «Ընդդիմությունը ոչ թե սպասելու է` ընտրությունները վերջանան, որ հաջորդ ընտրությանը ակտիվանա կամ ինչ-որ հարց լուծելու համար միտինգ անի, այլ նրան գործիքներ են տրված, որ այդ գործիքներով ԱԺ-ում կարողանա ազդել իշխանությունների որոշումների վրա»,- հայտարարեց նա:

Ռուստամյանը նշեց, որ իրենք երբեք դատարկ խոստումներ չեն տվել ընտրողին: «Մենք բաներ ենք ասել, որ երկար տարիներ կարող է չեն ընկալվել, բայց կաթիլի` քարը ծակելու համառությամբ շարունակել ենք, 25 տարի շարունակ աշխատել ենք, որ այս հաջողությունը ունենանք, որ համակարգ փոխենք, որ այս` չարիք ծնող համակարգն այլևս չլինի»,- ընդգծեց նա, ապա նշեց, որ, այս ամենը նկատի ունենալով, Դաշնակցությանը տան հնարավորություն, որպեսզի կարողանա այս գործը շարունակել ավելի արագ տեմպերով, որ այս տարվա մեջ արդեն զգալի լինեն փոփոխությունների արդյունքները:

Ամփոփելով խոսքը` Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որ իր 127 տարիների համար, իր արածի համար բաց ճակատով կանգնում է ժողովրդի մեջ և շարունակում իր ընթացքը: «Ձեր ընտրությունը ճիշտ կատարեք, այնպիսի մարդկանց ընտրեք, որ այս ամեն ինչից հասկանում են: Այդպիսի մարդիկ կան նաև մյուս ճամբարներում, մարդիկ կան, որ հարգված են: Պետք է ընտրեք այն տրամաբանությամբ, որ մարդն այս արվածը հետ չպտտի, թողնի, որ իր արդյունքները տա, արագ մտնի այս պրոցեսի մեջ, որ այս ամեն ինչը կարողանանք ԱԺ-ում հստակ իրականացնել: Այսպիսի ընտրություն եմ բոլորիս մաղթում, և ունենանք մեր` համատեղ ուժերով ձևավորված այն հիմնադիր խորհրդարանը, որն արագ այս փոփոխությունները ձեր կենցաղ կմտցնի, որ դուք այս ամեն ինչի դրական հետևանքները տեսնեք»,- ասաց նա:

Տպել Տպել