Պետք է խոսել այն հիմքի վրա, որը հնարավորություն է տալիս ինչ-որ քայլ կատարել

Երեկ Ապարանում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր ձայնը որոշիչ է և կարող է երկրի ապագա փոխել:

«Ես բազմիցս լսել ու տեսել եմ՝ պատգամավորներն ինչպես են իրենց ընտրողների հետ հարաբերվում: Ընտրողները չեն կարող գալ հետո պատգամավորից մի բան պահանջել, որովհետև պատգամավորներից շատերը նրանց ասում են. «ի՞նչ ես ուզում. ես քո 10-15 հազարը չեմ տվե՞լ, դու էլ ձայդ չես տվե՞լ դրա դիմաց, հիմա ի՞նչ ես եկել ինձանից ուզում, գնա, հաջորդ ընտրությունների ժամանակը կգաս, կբարիշենք»:

Հիմա ցինիզմն այն աստիճանի է հասել, որ պարզ, բացեիբաց մարդիկ ասում են, որ պատրաստ են շատ գումար ընտրողի օգտին քվերակել»,- ասաց Ռուստամյանը և ընդգծեց՝ Դաշնակցությունն այն քաղաքական ուժը չէ, որ նման կերպ վարվի իր ընտրողի հետ, քանի որ ընտրակաշառքի փոխարեն առաջարկում է համակարգային լուծումներ, որոնք սերունդների համար են օգտակար:

«Մի ընտրողի վրա 10-15 հոգի աշխատում են, անտեր ընտրող չի մնացել: Այս պրոցեսն է, որ մեզ անընդհատ բերել է այս վիճակին, և մենք հիմա պետք է այս ամենից դուրս գանք: Մենք ուզում ենք, այդ վիճակից բոլորին հանել, կախվածությունից հանենք, ուզում ենք, որ մարդիկ հասկանան, որ իրենց ընտրությունն այսօր արժեք ունի երկրի համար, և իրենց սերունդների համար ավելի մեծ նշանակություն է ունենալու, քան թե 10-15 հազարը, որ տալու են, հետո ձեռք առնեն ու ծաղրուծանակի ենթարկեն ընտրողներին»,- նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ մեծ է արժանապատվությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ռուստամյանը նաև ասաց, որ ՀՅԴ-ի ջանքերով կյանքի կոչված սահմանադրական բարեփոխումները շատ խնդիրներին լուծումներ են տալու:

«Այսօր որևէ մեկը չի ունենալու ամբողջական իշխանություն, որն ունի նախագահը: Ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ էլ որևէ այլ պաշտոնյա ամբողջական իշխանություն չի ունենալու: Լինելու են երեք տարանջատված ճյուղեր՝ օրենսդիր, դատական և գործադիր, որոնցից յուրաքանչյուրն ինքնուրույն, անկախ որոշումներ է կայացնելու: Դատական իշխանությունն արմատական փոփոխություն է կրելու, լինելու է իսկապես անկախ, համեմատելու համար ասեմ, որ այսօր մոտ 230 դատավոր ունենք, որոնց նշանակում և ազատում է նախագահը: Բա այդ 230 դատավորից ի՞նչ արդարադատություն ենք ակնկալում, բա պա՞րզ չէ, որ ինչ-որ հարց եղավ, պեքտ է անպայման Բաղրամյան 26-ից ստանան ինչ-որ ուղղություն»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ այս ամեննն այլևս չի լինելու:

«Լինելու է տասը հոգանոց թիմ՝ բարձրագույն դատական խորհուրդ, որի հինգը ԱԺ-ն է ընտրելու՝ երեք հինգերորդով և հինգն էլ դատավորների ընդհանուր ժողովը: Նրանք տասն էլ իրար հավասար մարդ են լինելու, ովքեր պետք է որոշեն, և բոլոր որոշումները կայացվելու քվեարկությամբ, տասը հոգու իմացությամբ և հավանությամբ: Մի բան է մի հոգի որոշի, մի բան՝ տասը հոգի: Լլրիվ այլ որակ է լինելու: Այս ամենը միջազգային փորձով անցած է: Մենք մեր ժողովրդին ներկայացնում ենք ծրագիր, որը ստուգված է, փորձարկված է, ոչ թե խոստումներ ենք տալիս, որոնք չգիտենք՝ ինչպես կատարել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ ընտրակաշառքի մի ձև էլ այն է, երբ մարդկանց խաբում են՝ ասելով օրինակ՝ թոշակդ քիչ է, ես կգամ երկու անգամ կավելացնեմ:

«Ստացվում է ավանսով ընտրակաշառք, ասում են երկու անգամն է քիչ, պատրաստ ենք չորս անգամ ավելացնել ձեր թոշակները, մյուսն էլ ուրիշ խոստում է տալիս: Պոպուլիզմի վատն էլ այն է, որ ոչ թե հանրային շահով ես առաջնորդվում, այլ դու մարդկանց քիմքին հաճելի բան ես ասում, որովհետև նրանց ձայն է քեզ պետք»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով. «Պետք է խոսել այն հիմքի վրա, որը հնարավորություն է տալիս ինչ-որ քայլ կատարել, իսկ մենք հավատում ենք, որ այսօրվա հնարավորությունը տալիս է ավելի լավ սոցիալական խնդիրներ լուծելու հնարավորություն, տնտեսությունն ավելի ազատականացնելու հնարավորություն, մոնոպոլիաները վերացնելու հնարավորություն»:

Տպել Տպել