Անպատիժ չի մնալու որևէ մեկը, ով կփորձի վարկաբեկել մեր ազգն ու արժանապատվությունը

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր հանդիպում ունեցան Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ:

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ որևէ զիջում՝ սերունդների հաշվին, չի կարող լինել: Ռուստամյանի խոսքով՝ ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեմ են իրենք պայքարել, այնպես էլ պայքարում են այն թեզերի դեմ, որի հիմքում հողերի զիջման հարցն է: «Մենք ի՞նչ գին պետք է վճարենք խաղաղության հասնելու համար, մենք պետք է զիջենք այնքան, որ բավարարենք հարևանի ախորժակը, իսկ այդ հարևանը ամբարտավան կեցվածքով է հանդես գալիս, անընդհատ վախեցնում է պատերազմով, դարձել է սանձարձակ և լկտի: Ինչպե՞ս կարող ենք մենք նրանց որևէ բան զիջել»,- ասաց Ռուստամյանը, ապա հայտարարեց, որ լավ լուր ունի հաղորդելու:

«Բոլորովին վերջերս մի ամբարտավան ադրբեջանցի Հոլանդիայում հայտարարել էր, որ Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը, այս տիպի մարդկանց հետ մենք գործ ունենք, թե ի՞նչն ենք զիջում այդ տիպի մարդկանց, անհասկանալի է, դա էլ իրենց զարգացած, առաջադեմ դեմքերից մեկն է, որ չի վարանում և այդպիսի լկտի հայտարարություն է կատարում: Բայց բնականաբար, պատասխանը չուշացավ, մեր Հայ Դատի գրասենյակները, տեղի կառույցը դատ էին հարուցել նրա դեմ և Հոլանդիայի դատարանը դատապարտել է այդ մարդուն՝ հակադիր աշխատանքների, բռնություն և ատելություն սերմանելու մեղադրանքը հաստատելով»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այսպիսի պայքարներ Դաշնակցությունն ամենուր է տանում: «Մենք սա ամեն տեղ ենք անում: Դիվանագիտական ճակատում և բոլոր այն տեղերում, որտեղ ունենք մեր կառույցները: Այդ կառույցները չեն ապրում միայն իրենց անձնական, կենցաղային խնդիրները լուծելու նպատակով, այլ որտեղ կա հայություն, մենք կազմակերպում ենք այդ հայությունը, որպեսզի իրենք ապրեն Հայաստանի հոգսերով, օգտակար լինեն մեր ընդհանուր գործին, պաշտպանեն Հայաստանի հեղինակությունը»,- ընդգծեց Ռուստամյանը, ապա ասաց. «Այդ անձը՝ Իլհամ Աշկինը, ստացավ իր աչքին անհրաժեշտ պատասխան և սրանից հետո բոլորը պետք է պարզ գիտակցեն, որ անպատիժ չի մնալու որևէ մեկը, ով կփորձի անպատվել, հայհոյել, վարկաբեկել մեր ազգն ու արժանապատվությունը»:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում ասաց՝ իրենք ուրախ են, որ քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերը կոնկրետ են խոսում և կետեր ներկայացնում: «Մարդիկ ուզում են կոնկրետ խոսել և կետեր են ներկայացնում, ուժերն իրենց նախընտրական ծրագրերը որոշակի քանակի կետերով են ներկայացնում, հրապարակում, մենք իհարկե 30 կետ չենք ներկայացնում, 15 կետ չենք ներկայացնում, մենք ընդամենը յոթ կետ էինք ներկայացրել, բայց այդ յոթ կետերն ամբողջությամբ իրացրած ենք գալիս այս ընտրություններին: Այս 7 կետերն ամբողջությամբ փոխել են երկրի ընթացքը: Մենք դրա մասին խոսել էինք վաղուց՝ ասելով, որ այն բոլոր պրոբլեմները, որոնք Հայաստանում գոյություն ունեն, դրանց լուծումը այդ մեր առաջարկած յոթ կետերով երկիրը փոխելու մեջ է կայանում»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով. «Մենք պարզ տեսնում ու հասկանում էինք, որ 90 թվականից ի վեր, երբ Հայաստանը շեղվեց իր իսկ հռչակած անկախության ճանապարհից, որովհետև, երբ ժամանակին անկախության հռչակագիրն ընդունեցինք, այն շատ հստակ ճանապարհ էր ցույց տալիս, թե ինչպես պետք է մեր անկախությունը զարգացնենք: Հենց ներածական մասում հստակ ասում է, որ պետք է շարունակել և ամրապնդել Առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները: Իսկ այդ հանրապետության ժողովրդավարական ավանդույթները ձևավորվել էին խորհրդարանական համակարգի պայմաններում: Մենք այն ժամանակ էլ ասում էինք՝ եթե դուք դրանից շեղվեք, դուք ունենալու եք անձակենտրոն մի իշխանություն, շեղվելու եք ժողովրդավարությունից և այն ինչ մենք ձեռք ենք բերել այս շարժման շնորհիվ, կորելու է»: Ռուստամյանի խոսքով՝ խորհրդարանական համակարգի դրական կողմերի մասին դեռևս 1991 թվականին խոսում էր սահմանադրագետ Վլադիմիր Նազարյանը:

«Հիմա եթե մարդիկ մտածում են, որ մենք այս ամենը նոր ենք հնարել, ընտրությունները եկել են, դրա համար ենք խոսում, թող վերցնեն նայեն, որ Նազարյանը կանխատեսել է, որ եթե անձակենտրոն իշխանությունը ձևավորվի, խորհրդարանական կառավարման համակարգ չունենաք, մենք շեղվելու ենք և մարդու իրավունքները հենց այդտեղից սկսելու են ոտնահարվել»,- ասաց Ռուստամյանը և ընդգծեց, որ դեռևս գործող կառավարման համակարգի խութերն է, որ իրենզ ուզում են շտկել: «Հենց այդ շեղված ընթացքն է, որ մենք այսօր փորձելու ենք ուղղել: Մենք 3 նախագահ փոխեցինք, երեքն էլ իրենց ոճով, մարդկային հատկանիշներով տարբերվելով՝ այդուամենայնիվ, այս խնդիրներին լուծում չտվեցին, որովհետև եկան բոլորն էլ, այդ համակարգով գայթակղվեցին: Երբ որ մեկին տալիս ես ամբողջական իշխանություն, այդ իշխանությունը գայթակղիչ է: Իրենք այդ իշխանությունը ծառայեցրին իրենց մոտիկ շրջանակի համար: Երբ որ նայեք այս երեք նախագահները որ փոխվել են, ի՞նչ է փոխվել երկրում, տեղի է ունեցել միայն սեփականության վերաբաշխում: Այն շրջանակը, որ առաջին նախագահի ժամանակ կար, օգտվելով այդ հանգամանքից՝ ունեն ամեն ինչ, մնացածը՝ ոչինչ, երկրորդ նախագահը եկավ, իր շրջանակն ուներ, այդ շրջանակին հիմա այդ ամեն ինչը փոխանցվեց, կամ նրա ձեռքերից առան, դրա համար կոնֆլիկտ առաջացավ, երրորդն եկավ՝ նույնը կատարվեց: Որևէ երաշխիք չկա, եթե 3 անգամ նույն բանը տեսնում ես, էդ որտեղի՞ց հրաշքով պիտի գա մի չորրորդը, որ այդ բանը տեղի չունենա»,- իր ելույթում ասաց Ռուստամյանը՝ ընդգծելով՝ անպտուղ հրաժարական պահանջելու փոխարեն պետք է վերացնել նախագահի աթոռը:

«Այսինքն, չարիքը ծնող պատճառը այս համակարգն էր, էդ աթոռն էր, որի վրա ով նստում էր, դառնում էր տեր-տիրականը ամեն ինչի, դառնում էր թագավոր: Եվ 0 պատասխանատվություն որևէ մեկի առջև, ընտրվում էր 5 տարով, նրան որևէ մեկը ոչ իմպիչմենթով, ոչ որևէ այլ ձևով չէր կարողանում հեռացնել իշխանությունից, դա բացառված պրոցես էր: Դրա համար կադրային նշանակումները տեղի էր ունենում իր շրջանակից՝ խնամի, ծանոթ բարեկամներ, զանազան անձինք, ովքեր որևէ ունակություն, փորձ, մասնագիտական կորողություններ չունեին, բայց, քանի որ իրենց մոտիկներն էին՝ նշանակում էին»,- նշեց ՀՅԴ-ականը, ապա հորդորեց նայել եղած կադրային բանակին, որտեղ գտնվողների հազիվ 30 տոկոսն իրենց տեղում լինեն:

Տպել Տպել