Ընտրեք այն սերմը, որը վաղն արդյուքն է տալու

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում դաշնակցականներն այսօր հանդիպեցին Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքների և Քաղսի գյուղի ընտրողների հետ:

«Եթե ԱԺ ընտրությունների ժամանակ չկարողանանք ճիշտ ազգային ժողով ձևավորել, ո’չ որակյալ իշխանություն կունենանք, ո’չ էլ որակյալ կառավարում»,- Քաղսի համայնքի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը:

«Երբ որ արտն ուզում եք ցանել, առաջին հերթին նայում եք, որ սերմացուն որակյալ և ախտահանված լինի. եթե դուք վատ սերմացու ցանեք՝ հաստատ լավ արդյունք չեք ունենա: Այս ընտրություններին մենք բոլորս գնալու ենք այդ սերմը ցանենք, և եթե այդ սերմի մեջ որոմը և կեղտը շատ է՝ դրանից լավ բերք չենք կարող ստանալ: Հիմա ոնց որ սերմացուն եք նայում, ձեռքով որոշում՝ լավն է, թե ՝ չէ, նույն ձև ընտրությունների ժամանակ նայեք բոլոր քաղաքական ուժերին: Ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի, ով՝ որտեղից է գալիս, ով է դեմք փոխել, ով է ճամբար փոխել:

Միայն սիրուն խոսքերով չէ, պետք է նայեք այդ մարդանց անցած ճանապարհը: Այն բծախնդրությամբ, որով ձեր արտն եք ցանում՝ նույնքան բծախնդրությամբ նայեք այս ընտրություններին: Ընտրեք այն սերմը, որը վաղն արդյուքն է տալու»,-ասաց նա:

Արսեն Համբարձումյանի խոսքով՝ մեր երկրում ամենամեծ խնդիրը ոչ արդյունավետ կառավարումն է:

«Եթե մենք մեր երկրում արդյունավետ կառավարում չունենանք՝ հարցերը չի լուծվելու, իսկ արդյունավետ կառավարում կարող ենք ունենալ, եթե ազգային ժողովում ունենանք ճիշտ մարդիկ: Եթե մենք չունենանք լավ ազգային ժողով, ԱԺ-ում չլինեն ճիշտ պատգամավորներ, երկրի պետականաշինության գործը հերթական անգամ ձախողվելու է և մնալու ենք նույն՝ կոտրած տաշտակի առաջ»,-ասաց նա՝ հորդորելով բնակիչներին՝ խղճի մտոք քվեարկելուց բացի, նաև լավ ծանրութեթև անել բոլոր քաղաքական ուժերին:

Տպել Տպել