Իշխանափոխության լավագույն ձևը թույլատրելն է, որ ժողովուրդն այն իրականացնի

Գյումրիում ընտրողներին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Դիմելով գյումրեցիներին` նա նշեց, որ Գյումրին առանձնահատուկ քաղաք է և գտնվում է առանձնահատուկ խնդիրներ ունեցող մարզում:

Ռուստամյանի խոսքով` հիմա արմատապես ամեն ինչ փոխվել է, և այս ընտրությունն առանձնահատուկ է: «Կարելի է ասել` մի շրջան է Հայաստանում ամփոփվել, և մենք մուտք ենք գործելու մեր անկախության պատմության մի նոր ժամանակաշրջան: Սրանք մեծ խոսքեր չեն. ինչ պետք է ունենանք ապրիլի 2-ին, բեկում պետք է մտցնի մեր երկրի զարգացման ընթացքի մեջ»,- ասաց նա:

Այնուհետև Ռուստամյանը նշեց, որ անկախությունից հետո, երբ մենք 1991 թվականից հրաժարվեցինք խորհրդարանական համակարգից և անցանք նախագահականին, սկսվեց մեր խնդիրների կուտակումը: «Ամեն ինչ արվում էր, որպեսզի այս իշխանությունը պահպանվի: Չէինք մտածում, որ այդ իշխանությունը ժողովրդին ծառայելու համար է, այլ ոչ թե տրված է, որ այն իր շրջապատի հոգսերը հոգա, և միայն մի նեղ վարչախումբ վայելի անկախության բերած պտուղները: Սա այնքան խորացավ, որ մենք, ունենալով երեք նախագահ, անձերի փոփոխություն, չկարողացանք լուծել այն խնդիրները, որոնք այսօր մեր ժողովրդի արդարացի դժգոհությունն են հարուցել»,- ընդգծեց նա:

Ռուստամյանի խոսքով` կա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակ, հիմա, ըստ նրա, եկել է քարերը հավաքելու ժամանակը: «Ես վստահ եմ, և դա է Դաշնակցության համոզումը, որ եթե մենք ճիշտ ախտորոշում կատարենք, այդ ճիշտ ախտորոշման հիման վրա սկսենք քայլեր կատարել, առողջացումը մեր աչքի առաջ տեղի կունենա»,- համոզմունք հայտնեց նա, ապա հավելոց, որ այդ ախտորոշումն իրենց քաղաքական ուժին հանգեցրել է նրան, որ պետք է նախորդ համակարգի արատավոր երևույթներից ազատվել:

«Չի կարող ժողովրդավարական երկրում, որն արդեն 27 տարվա անկախություն ունի, ոչ մի անգամ իշխանությունն ընտրություններով չփոխի, այդպիսի ժողովրդավարություն պարզապես չի լինում: Իրականում ընտրությունները ծառայում էին մեկ քաղաքական ուժի վերարտադրությանը, և սա մեր գլխավոր մարտահրավերն էր, որից պետք է կարողանանք ազատվել, որպեսզի մարդկանց վերադարձնենք ընտրելու իրավունքը, մարդկանց վերադարձենք ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը, սա էր, որ կորած էր: Մենք եկանք այն համոզման, որ մեղավորը համակարգն էր` ով գալիս էր իշխանության, ստանում էր ամեն ինչ, իսկ պարտվողը՝ ոչինչ: Մենք ամեն ինչ արեցինք, որ մենիշխանությանը բնորոշ համակարգ այլևս չլինի»,- շեշտեց Ռուստամյանը, ապա ավելացրեց. «Ձեր ընտրության իրավունքն այլևս վերականգված է, ձեր քվեն ուժ է ստացել: Այն, որ ասում են` իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը դատարկ խոսք է եղել Սահմանադրության մեջ, հիմա իրականություն է դարձել, իսկ ժողովրդի իշխանությունը իրականացվում է ընտրությունների ժամանակ»:

Ապա դաշնակցականը նշեց, որ ժողովուրդը չպետք է հերթական անգամ խաբվի, և որ փրկիչներ չկան երկրի վրա: «Ես լավն եմ, ինձ ընտրեք, ես ձեզ կփրկեմ… Եթե չի բացատրում, թե ինչպես պետք է փրկի, ուրեմն խաբում է ձեզ»,- նշեց նա:

Ըստ Ռուստամյանի՝ իշխանափոխության լավագույն ձևը թույլատրելն է, որ ժողովուրդն այն իրականացնի, և դա իրականացնելու հնարավորությունը ժողովուրդն ունի` պետք է անի ապրիլի 2-ի ընտրությունների միջոցով:

Այնուհետև նա նշեց, որ իրենք ամբողջական ծրագրով են գալիս, որը փորձված, ստուգված է ամբողջ աշխարհով մեկ: «Մենք համակարգ են ձևավորել այնպես, որ իշխանությունը լինի բալանսավորված կոլեգիալ: Որպեսզի կարողանանք արագ փոփոխություններ արձանագրել, պետք է ունենալ լավ խորհրդարան: Վստահեք այն քաղաքական ուժին, որ անցած ճանապարհ ունի: Քաղաքական ուժին ընտրելիս պետք է հաշվի առնեք նրանց կենսագրությունն ու կենսականությունը: Հավատացեք նրան, ով ձեզ չի խաբել, ոչ թե` «կինդեր սյուրպրիզներին», որ չգիտենք էլ` ինչ են բերելու մեր գլխին, սա փորձադաշտ չէ: Ամսի 2-ին քիչ ժամանակ է մնացել, ևս մեկ անգամ ծանրութեթև արեք և անպայման մասնակցեք ընտրություններին, ընտրեք 9 համարին` Դաշնակցությանը, որ բոլորիս երազած Հայաստանը օր առաջ տեսնենք»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Ռուստամյանը:

Տպել Տպել