Մեր հենարանը հայ աշխատավոր քաղաքացին է

Մարտի 27-ին Իջևանում կայացավ ՀՅԴ բազմամարդ հանրահավաքը: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, դիմելով իջևանցիներին, շնորհակալություն հայտնեց մեծ աջակցության համար:

Մկրտչյանը նշեց, որ ավարտին է մոտենում քարոզարժավը և ժողովուրդը կարողացավ այս ընթացքում հետևել քաղաքական ուժերի և՛ ծրագրերին, և՛ գործելաոճին:

«Մոտենում ենք մեր ժողովրդի, մեր պետության համար շատ կարևոր մի ընտրության: Ապրիլի երկուսին ընտրվելու է ոչ միայն հերթական Ազգային ժողոովը, այլ մենք, առաջին անգամ Հայաստանի անկախության օրվանից սկսած, ընտրելու ենք իր ձևաչափով խորհրդարանական հանրապետության կառուցվածքը»,- ասաց Մկրտչյանը, ապա հավելեց. «Ես այս մտավորական քաղաքում՝ Իջևանում, դիմում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ, ճիշտ կողմնորոշվեք և ՀՀ քաղաքացու համար ամենաթանկ բաներից մեկը՝ սեփական ձայնը, տվեք ձեր խղճով, որովհետև այս ընտրությունը որոշելու է առաջիկա 5,10 տարիների մեր ապրելակերպը»:

Ապա Մկրտչյանը կոչ արեց քվերակել ՀՅԴ օգտին, որովհետև Դաշնակցությունը 125 տարի քայլում է իր ժողովրդի հետ:

«Ե´վ դժվարությունների ժամանակ է Դաշնակցությունը ժողովրդի մեջ, ժողովրդի հետ եղել, և´ հաջողությունների ժամանակ է կիսել իր հաջողությունները ժողովրդի հետ: Սա այն կուսակցությունն է, որը երբեք իր սկզբունքներին չի դավաճանել,իր անունը չի փոխել, սա այն կուսակցությունն է, ում համար գաղափարախոսության կարևոր հիմնադրույթը հայ տեսակի շարունակությունն է»,- ընդգծեց Մկրտչյանը:

Մկրտչյանը նշեց, որ բոլոր կուսակցություններն էլ լավ խոստումներ են տալիս, ապա հորդորեց, որ նայեն այդ կուսակցությունների անցյալին, ընթացքին և տեսնեն՝ որ կուսակցությունն ի՞նչ ընթացքով է շարունակել իր ուղին գոնե վերջին մի քանի տարիների ընթացքում:

«Հայաստանի անկախության տարիներից, Դաշնակցությունը մտնելով Հայաստան, կանգնեց իր ժողովրդի կողքին: Մենք առաջիններից մեկն էինք, որ պնդում էինք՝ ՀՀ-ն պետք է լինի դեմոկրատական, խորհրդարանական հանրապետություն: Այս ընթացքում մենք ձեր կողքին ենք եղել և մեր նվիրվածությամբ պահելաձևով, աշխատանքով ցույց ենք տվել, որ դուք՝ ի դեմս Դաշնակցության, ունեք հավատարիմ, լուրջ ընկեր, որը քայլելու է և որի ներկայությունը խորհրդարանում երաշխավորելու է, որ աս փոքրիկ Հայաստանը համայն հայության գուրգուրանքի կենտրոնում է լինելու»,- ասաց նա՝ ընդգծելով՝ իրենց հենարանը հայ աշխատավոր քաղաքացին է՝ կլինի ուսուցիչ, բանվոր, գյուղացի, գործարար, այն մարդը՝ ով իր հողի վրա կանգնած ամուր աշխատանքով փորձում է երկարացնել այս ժողովրդի գոյությունը դարերի մեջ:

«Դուք եք մեր հենարանը, սիրելի´ ժողովուրդ, և եթե այսօր մեզ ուժ տաք, ձեր ձայնը տաք ՀՅԴ-ին, վստահ եղեք, դրա պատասխանը ստանալու եք, ստանալու եք ոչ թե խաբկանքի, ոչ թե խոստումների ձևով, այլ ի դեմս Դաշնակցության դուք կունենանք լուրջ, կայուն հենարան»,- իր խոսքն ամփոփեց Մկրտչյանը:

Տպել Տպել