Հնարավորություն տրված էր, որ կարողանայինք մեր աշխատանքով ավելացնել մեր քվեները

Շիրակի մարզպետ, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը պնդում է, թե մարզպետի պաշտոնն արդեն իսկ որոշակի հնարավորություն տվել էր ավելի մեծ քանակով քվե ստանալու այս ընտրություններում, քան նախորդ, երբ Դաշնակցությունը 5 տոկոս ձայն էր ստացել։

Այս մասին մարզպետն ասել է NEWS.am–ի հետ զրույցում։

Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ՏԻՄ ընտրություններում ցածր տոկոսներ արձանագրած ՀՅԴ-ն այսպես առաջընթաց արձանագրեց խորհրդարանական ընտրություններում, մարզպետը պատասխանեց անեկդոտի օրինակով. «Ձեր հարցին անեկդոտով պատասխանեմ. մեկը մտնում է գյումրեցու խանութ, ասում է՝ մի քանի մետր սմետան տուր, վաճառողը վերցնում սմետանը, նետում է հատակին ու ասում՝ չափի վերցրա։ Ուզում եմ ասեմ՝ դրանք տարբեր ընտրություններ են, իրար հետ համեմատել հնարավոր չէ։ Ամեն մեկն իր նշանակությունն ու ազդեցությունն ունի։ Դրա համար էլ մարդիկ այլ վերաբերմունք ունեն ՏԻՄ ընտրություններին, ինչ չունեն Ագզային ժողովի ընտրություններին»:

Հովսեփ Սիմոնյանը վստահեցրեց, թե Դաշնակցությունը գործի չի դրել վարչական ռեսուսրները, պարզապես պաշտոնն է ընձեռել աշխատանքի հնարավորություն, ինչի արդյունքում իրենք այս անգամ ստացան մոտ 7 տոկոս քվե, մինչդեռ նախորդ ընտրություններում, երբ չունեին այդ հնարավորությունը, ստացել էին 5 տոկոս քվե:

«Գիտեք, ես չեմ ուզում այդքան ռեսուրսներին անդրադառնալ, որոշակի հնարավորություն տրված էր, որ մենք կարողանայինք մեր աշխատանքով ավելացնեինք այդ քվեները։ Այդ հնարավորությունը կար, բայց ես գտնում եմ, որ նաեւ հնարավորության առումով նշանակություն ունեցավ այն, որ Դաշնակցության նախաձեռնությունն էր, որ Սահմանադրությունը փոխվեր, ընտրվեր խորհրդարան, որը հետագայում կձեւավորի կառավարություն եւ այլն։ Սրա ջատագովը մենք ենք եղել, եւ այս Ազգային ժողովում պիտի ունենայինք որոշակի տեղաշարժեր։ Բավականին լավ աշխատեցին նաեւ մեր համակիրները, շարքերը, որոնք ներկայացրեցին ժողովրդին մեր մոտեցումները։ Կարող էր ավելին լինել մեր տոկոսները»,-ասաց մարզպետը:

Դիտարկմանը, թե ամեն դեպքում, մեկնաբանություններ կան, որ Դաշնակցության ստացած 7 տոկոսը պայմանավորված է մարզպետների գործադրած վարչական ռեսուրսով, Հովսեփ Սիմոնյանն արձագանքեց. «Իշխանությունը տրվել է մեզ որպես հնարավորություն, որ մենք կարողանայինք աշխատել եւ ընդունվել հասարակության կողմից, որը ինչ-որ չափով ավելացրել է մեր քվեները»:

Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ դեռ հայտնի չէ՝ մարզպետները շարունակելու են աշխատել զբաղեցրած պաշտոններում, թե ոչ:

news.am

Տպել Տպել