ԿԳ նախարարը՝ տնօրենների հայտնի ձայնագրության և ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել էր ձայնագրություն՝ տնօրենների հետ խոսակցությունից, որտեղ նրանք ասել են, թե ձայներ են հավաքել ՀՀԿ-ի համար։ 30 մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններ ՀՀ տարբեր դատարաններ քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարկական կազմակերպության և Դանիել Իոաննիսյանի։

Թեմայի շուրջ լրագրողների հետ զրույցում ՀՀ կթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց. «Ընթացքով գնում է քննությունը: Շարունակելու ենք գործընթացը, հասկանալու ենք՝ ինչպես է տեղի ունեցել ու այդ խոսակցությունների վերաբերյալ ունենք արդեն բացատրությունները»:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ տնօրենները, որոնք դիմել են դատարան, գտնում են, որ իրենց իրավունքները խախտված են. «Փորձում են խնդիրը դատական ձևով վեր հանել, այստեղ որևէ քոմենթ կամ գնահատական տալ չեմ կարող: Իրենք գտնում են, որ իրենք կուսակցության անդամ են և իրավունք ունեն աշխատանքից հետո իրականացնել որոշակի գործառույթներ»:

Հարցին, թե տնօրեններն իրենց բացատրություններում ասել են, որ աշխատանքից դո՞ւրս են ցուցակագրումներով զբաղվել ու փոխանցել մարզպետարաններին, քաղաքապետարաններին, նախարարն արձագանքեց. «Եկեք թողենք հանձնաժողովն աշխատի, արդյունքները հասկանանք: Եթե աշխատանքի ժամից դուրս է, թույլատրելիության սահմաններում է: Իսկ եթե աշխատանքի ժամին է եղել, դա օրենքի խախտում է»:

ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերությունը պայմանավորված չէ Ազգային ժողովում քվեների մեծ կամ փոքր լինելու հետ:

Նախարարը նշեց, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագիր էր ստորագրել դեռ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն էր. «Այսինքն՝ մեր կոալիցիոն գործընկերությունը պայմանավորված չէ քվեների մեծ կամ փոքր լինելու հետ Ազգային ժողովում: ՀՅԴ-ն հրապարակեց յոթ սկզբունքային կետեր, որից մեկը խորհրդարանական հանրապետության ձևաչափի հաստատումն էր: Ընդդիմությունը չմիացավ բաց քննարկմանը և իշխող կուսակցության հետ ձևավորվեց կոալիցիա»: Լևոն Մկրտչյանը հավելեց, որ այժմ էլ կոալիցիայի հիմքում կլինի գաղափարական որևէ հուշագիր, և կլինի նաև այն, թե ինչպես է շարունակվելու յոթ սկզբունքային կետերի իրականացումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել Տպել