ՀՅԴ-ն պաշտպանելու է Արա Բաբլոյանի թեկնածությունը

Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստը: ԱԺ նախագահի թեկնածու՝ Արա Բաբլոյանի և Էդմոն Մարուքյանի ելույթից հետո կայացավ մտքերի փոխանակություն:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունից Արմեն Ռուստամյանը ելույթում ասաց, որ բոլորին շնորհավորում է առաջին նիստի կապակցությամբ: «Կարևոր ուղերձներ լսեցինք: Ողջունում եմ, որ «Ելք»-ն իր թեկնածուն առաջարկեց: Սա հնարավորություն է, որ իրենց տեսլականը ներկայացնեն»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ դժվարությամբ է պատկերացնում, որ խորհրդարանում մեկ այլ ուժ լինի մեծամասնություն, իսկ խորհրդարանի նախագահը լինի փոքրամասնության ներկայացրած անձը: «Ես աշխարհում չգիտեմ մի պառլամենտ, որ մեծամասնությունը մեկ ուժ լինի, իսկ ԱԺ նախագահ ընտրվի փոքրամասնության ներկայացուցիչը, դժվարությամբ եմ դա պատկերացնում: Ինչպե՞ս է փոքրամասնությունից ընտրված ԱԺ նախագահը ստորագրելու մեծամասնության ներկայացրած որոշումները»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` եթե պատգամավոր ես ընտրվել, ընտրվել ես քո ծրագիրն իրականացնելու համար, չես կարող այդ ծրագրին հակառակ գնալ, և ըստ նրա՝ դա պատիվ չի բերի մեր Ազգային ժողովին:

«ԱԺ-ն պետք է ներկայացնի մեծամասնություն ունեցող ուժը: Ճիշտ ընտրություն է արել մեծամասնությունը, երբ Բաբլոյանին է առաջարկել: Մարդու կենսագրությունը շատ կարևոր է: Չեմ ասում` Բաբլոյանը միայն կենսագրությամբ է փայլում: Մենք նրան վաղուց ենք ճանաչում, և ամենադժվար պահերին նա կարողանում է ճիշտ որոշում կայացնել: Ես այդ ամենը տեսել եմ և վստահ եմ, որ Բաբլոյանն այն անձն է, որ պետք է լինի ԱԺ նախագահ: Սա ես համարում եմ 4-րդ հանրապետության հիմնադիր խորհրդարան և կարծում եմ, որ հենց Արա Բաբլոյանը պետք է ղեկավարի այս խորհրդարանը: Ես ողջունում եմ այս առաջադրումը: Մենք սատարելու ենք նրան»,- հայտարարեց նա:

Տպել Տպել