Հալեպում այսօր համեմատաբար հանգիստ է, նշմարվում է նաև վերադարձ դեպի Հալեպ


Սիրիայում այս պահին համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ ահաբեկչական գործողությունները տեղափոխվել են այլ երկրներ՝ Իրաք, Եգիպտոս, վերջերս նաև Իրան:

«Այսինքն՝ բռնկվածությունը կա, բայց կոնկրետ Սիրիայում ներգրավված են գերտերությունները՝ շատ մեծ տարողությամբ: Այնուամենայնիվ, վերադառնալով մեր խնդիրներին, ասեմ, որ Հալեպում այսօր համեմատաբար հանգիստ է, նշմարվում է նաև վերադարձ դեպի Հալեպ: Լիբանանից մենք նկատում ենք, որ մեր հայրենակիցները վերադառնում են»,- ասաց Գանտահարյանը:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նկատել է, որ Հալեպում որոշակի վերականգնման աշխատանքներ են տարվում: Նրա խոսքով՝ այս պահին աշխատում է նաև Հալեպը տարբեր քաղաքաներին կապող ճանապարհ, որը թեև երկար է, բայց ավելի անվտանգ է:

«Լիբանանից դեպի Սիրիա հայերի հոսքը դեռևս մասսայական բնույթ չի կրում, բայց որոշ ընտանիքներ, գործարարներ գնում, գալիս են: Սիրիայում մնացածներին աջակցությունը՝ կրթական, առողջապահական և այլ, շարունակվում է»,- ընդգծեց նա:

Վերջինս նաև նշեց, որ սիրիական հակամարտության ընթացքում մոտ 10 հազար մարդ գաղթել է Լիբանան:

Տպել Տպել