Մենք քեզ երբեք չենք մոռանա, շուտ վերադարձիր…


Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում:
Թշնամու գնդակն ինձ երբեք չի դիպչի:

Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը:

* * *
Կարոտ/ Կարոտ Մկրտչյան
25 տարի առաջ՝ այս օրը Կարոտն անհետացավ…
Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը (Ջամբազի արծիվ) ծնվել է 1964թվականի փետրվարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձվելով՝ հասակ առավ Պռոշյան գյուղում: Նա առաջիններից էր, ով համալրեց Հայաստան վերադարձած Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը:
Կարոտն Արցախյան շարժման հենց սկզբից նվիրվել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախի գոյապայքարին: 1989 թվականից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը: 1990 թվականին նրա խումբը մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը:
Կարոտը, բացի զինամթերքի հայթայթումից, իր մարտական ընկերների՝ Պետոյի և Հրաչ Մուրադյանի հետ շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար տեղի ուժերից ստեղծում է նոր մարտական խմբեր: 1991 թվականի ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի` ԹաթուլԿրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին: Սիմոն Աչիկգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը համալրելու համար Կարոտի խումբը տեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր: 1991 թ. Կարոտը նշանակվեց Ստեփանակերտի` Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար: Պռոշյանի ջոկատը, Կարոտի և Պետոյի հրամանատարությամբ, մեկնում է Շահումյան ու տեղի ինքնապաշտպանական խմբերի համագործակցությամբ ստանձնում Բուզլուխի պաշտպանությունը:

Կարոտն այդ օրերին հավատով կրկնում էր. «Մինչև Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնա»:
Հունիսի 13-ին ադրբեջանցիների և Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայված ռուսական հատուկ նշանակության դիվիզիաներից մեկի գերազանցող ուժերի դեմ մղված անհավասար և հերոսական մարտը վերջինը եղավ Կարոտի համար: Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդեն թշնամու հարյուրավոր զինվորներ են, Կարոտը կատարեց մի զարմանահրաշ քայլ` վճռելով բարձրանալ իրենց նախկին դիրքերը: Նրա կատարած այդ քայլը հավասարազոր էր ինքնակամ նահատակության: Կարոտի անհետանալը Շահումյանում ցույց տվեց նրա` թշնամու դեմ կանգնելու ու պայքարելու վճռականությունը և պայքարելու անկոտրում կամքը:

Կարոտի հիշատակին նվիրված երգում ասվում է.
«…ամբողջ սրտով մաղթում եմ քեզ անվնաս,
սուրը ձեռքիդ՝ հայրենի օջախ դառնաս»:

Տպել Տպել