ՀՅԴ-ն համոզված է եղել, որ ԼՂ սահմանադրական փոփոխությունները թելադրված չէին նախագահի այս կամ այն թեկնածուի անվամբ

Լեռնային Ղարաբաղի նախագահի նախորդ 2 ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեն աջակցել է գործող Բակո Սահակյանին, հետևաբար տրամաբանական կլինի, որ անցումային փուլում ևս նույն ընթացքը շարունակվի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Դիտարկմանը, թե Արցախում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխություններից առաջ կարծիքներ կային, որ մայր օրենքը փոխվում է հենց Բակո Սահակյանի իշխանության վերարտադրման համար, Դավիթ Իշխանյանը պատասխանեց, թե ՀՅԴ-ն համոզված է եղել, որ սահմանադրական փոփոխությունները թելադրված չէին Արցախի նախագահական ընտրություններով և նախագահի այս կամ այն թեկնածուի անվամբ:

«Սահմանադրական փոփոխությունների ժամանակ մենք ինքնավստահ ասել ենք, որ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը բխում է մեր առջև ծառացած հիմնախնդիրներից, ընդհանուր պահանջներից: Այլ հարց է՝ մենք կո՞ղմ էինք ներկայացված նախագծին, թե ոչ: Մենք համոզված էինք, որ սահմանադրական փոփոխությունները թելադրված չէին Արցախի նախագահական ընտրություններով և նախագահի այս կամ այն թեկնածուի անվամբ»,- նշեց նա:

Դ. Իշխանյանն ասաց, որ իրենք ընտրական նախորդ 2 փուլերում պաշտպանել են Բակո Սահակյանի թեկնածությունը և բնականաբար որոշել են անցումային փուլում են սատարել նրան:

«2007 և 2012թթ.-ին ՀՅԴ Արցախի կառույցը պաշտպանել է Բակո Սահակյանի թեկնածությունը: Թե՛ 2007-ին, թե՛ 2012-ին հրապարակվել են այն սկզբունքները, ինչի հիման վրա նման որոշումներ են կայացվել, հետևաբար տրամաբանական կլինի, որ անցումային փուլում ևս նույն ընթացքը շարունակվի»,- ասաց պատգամավորը:

Իշխանյանը նշեց, որ անցումային փուլի նախագահը լինում է կամ գործող և իր ժամանակաշրջանն ավարտող նախագահ, որ տրամաբանական ավարտին հասցնի որդեգրված քաղաքականությունը, կամ էլ այն թեկնածուն, ով նախապատրաստվել է ապագայում պաշտոնավարել որպես համաժողովրդական ընտրությամբ ընտրված նախագահ: Իսկ այդ առումով, Դավիթ Իշխանյանի խոսքով, ավելի տրամաբանական է Բակո Սահակյանի թեկնածությունն առաջադրել և առաջիկա 2.3 տարիներին նրան վստահել երկրի նախագահի պարտականությունները:

Խոսելով կարծիքների մասին, որ Բակո Սահակյանն այսպիսով կշարունակի պաշտոնավարել նաև 2020թ.-ից հետո, Դավիթ Իշխանյանն ասաց, որ Դաշնակցության համար կարևոր են ժողովրդավարական սկզբունքները և դրանցով առաջնորդվելը, իսկ 2020թ.-ի և դրան հաջորդող ժամանակահատվածի նախագահի ընտրության հարցը պետք է դիտարկել ժողովրդավարական սկզբունքների կոնտեքստում և բոլոր քայլերը կատարել հենց այդ դիտանկյունից:

«Մենք հույս ունենք, որ 2020թ. հենց այդ մտայնությամբ կառաջնորդվեն նաև մյուս քաղաքական ուժերը, ինչպես նաև այն թեկնածուները, ովքեր կարող են լինել այս կամ այն քաղաքական ուժի թեկնածուն»,- հավելեց ԼՂ ԱԺ պատգամավորը:

tert.am

Տպել Տպել