Հոգլանդը նոր բան չի ասել, իսկ մեր մոտեցումները նույնն են

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի` արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման բանակցային կետերի հետ:

«Բնականաբար, ուժ ունեն և պետք է հիմք ընդունվեն այն հայտարարությունները, որոնք կատարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համատեղ, այլ ոչ` առանձնաբար: Բացի այդ` պարոն Հոգլանդի հայտարարության մեջ որևէ նոր բան, ըստ էության, չկար: Ուստի հատուկ մեկնաբանության անհրաժեշտություն էլ չի առաջանում:

Իսկ մեր մոտեցումներն էլ, բնականաբար, նույնն են: Լինելով սկզբունքային` մեր տեսակետներն էլ այդ հայտարարությունների հետ կապված չեն կարող փոփոխվել: Ամեն դեպքում, առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս կցանկանայի կրկնել մեր` բազմիցս հրապարակած սկզբունքային մոտեցումը: Մեր մոտեցումը բխում է Արցախի ժողովրդի` Սահմանադրությամբ ամրագրված կամաարտահայտությունից, ըստ որի` հայկական կողմի որևէ զիջման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի Հանրապետության ( այլ ոչ թե ԼՂԻՄ ) անկախությունը, և չի վերականգնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի առաջարկների փաստացի մերժումը, վստահաբար, Հայաստանի համար ապահովում է բանակցային առավելություններ, ինչը պետք է պահպանել: Ի դեպ, բանակցային կարգավորման գործընթացի և շփման գծում ներկա իրավիճակի մասին առավել խորքային քննարկումներ և գնահատականներ կտրվեն սեպտեմբերի 4–ին ` Արցախի անկախության հռչակման տարեդարձին նվիրված խորհրդաժողովի ժամանակ»,- հայտարարեց Ռուստամյանը:

yerkir.am

Տպել Տպել