Դավիթ Լոքյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ՏԿԶ նախարար, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանն ասել է, որ հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման նախադրյալներ կան սկսած դեռ 2012 թվականից և բավականին ինտենսիվ զարգացումների արդյունքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զգալի ծավալների է հասել: «Ես հասկանում եմ այն դժվարությունները, որ ունի այսօր Իրաքի ժողովուդը, բայց նաև համոզմունք ունեմ, որ դուք շատ արագ կկարգավորեք այդ խնդիրները: Հեռանկարում մենք մշտապես մտածում ենք մերձավոր Արևելքում զարգացող և բարեկամ երկիր ունենալու մասին և այսօր շատ հաճելի է Ձեր ներկայությունը Հայաստանում»,-ասել է Դավիթ Լոքյանը:

Նախարարի խոսքով, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստերը հանդիսանում են լավագույն հարթակը երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման և զարգացման համար: «Ես որպես տարածքային կառավարման և զարգացման նախարար, խիստ շահագրգիռ եմ Իրաքի հետ մեր համագործակցության ուժեղացմամբ, նաև տարածքային կառավարման ձևաչափով, շրջանների ուղիղ կապերի զարգացմամբ: Արտահանման ծավալների սանդղակի համաձայն, Իրաքը 4-րդ երկիրն է ՌԴ-ից, Չինաստանից և Գերմանիայից հետո: Իհարկե, հիմնականում Քրդստանի հետ է առևտրաշրջանառությունը, և ես կցանկանայի, որ ապագայում գտնեինք այն ստանդարտները, որոնք հնարավորություն կտան նաև բուն Իրաքի տարածքում մեր ապրանքների, արտադրանքի իրացման խնդիրները լուծել: Մենք ունենք որակապես և գնային քաղաքականությամբ մրցունակ ապրանքներ, որոնք կհետաքրքրեն Իրաքին, իսկ Հայաստանն էլ Իրաքի համար կարող է ակտիվ գործընկեր լինել Եվրասիական շուկա դուրս գալու հարցում»,-ասել է Դ. Լոքյանը:

Իրաքցի բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն հայտնելով նախարար Լոքյանին ջերմ ընդունելության համար, հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է հատկապես կրթական ոլորտում լայն համագործակցության հնարավորությունը: Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի խոսքով, ներքաղաքական իրավիճակը լուրջ ազդեցություն է ունեցել նաև բարձրագույն կրթական համակարգի վրա և Իրաքը գտնվում է ահաբեկչության հետևանքները հաղթահարելու փուլում: «Հայաստանի հետ համագործակցության համատեքստում ակնկալում ենք նաև կրթության ոլորտում համագործակցության ակտիվացում: Գտնել համագործակցության ուղիներ, տեսնել, թե ինչ հնարավորություններ ունենք մեր ուսանողներին Հայաստանում կրթելու համար»,-ասել է իրաքցի նախարարը, ծավալուն կերպով ներկայացրել իրենց կրթական և գիտական համակարգի առանձնահատկությունները:

Դ. Լոքյանը տեղեկացրել է, որ Հայաստանում այսօր արդեն ուսանում են շուրջ 200 իրաքցի ուսանող, և վստահեցրել, որ որպես հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, աջակցելու է այդ խնդիրների լուծմանը և վստահ է, այն մեծ հեռանկար կարող է ունենալ: Նախարարը ներկայացրել է մեր երկրի կրթական և գիտական համակարգը, համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ, և նկատել, որ ՀՀ-ի և Իրաքի միջև կապերը կարող են զարգանալ ինչպես ֆունդամենտալ գիտությունների, այնպես էլ հողագործության, երկրաբանության, ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված մասնագիտությունների ուսուցման ուղղություններով: Նա կարծիք է հայտնել, որ Իրաքի համար այդ ուղղություններն արդիական են և իր գործընկերներին առաջարկել է հստակ ձևակերպել խնդիրները և ներկայացնել:

Իրաքցի նախարարը համաձայնել է Դավիթ Լոքյանի հետ և հույս հայտնել, որ մոտ ապագայում համագործակցությունը լուրջ արդյունքներ կտան և ավելի շատ իրաքցի երիտասարդներ կարող են կրթություն ստանալ Հայաստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-26-ը՝ Երևանում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Տպել Տպել