Երեւան-Աշտարակ, Երեւան-Արտաշատ հատվածներն աչքի չեն ընկնում իրենց որակով

Հյուսիս-հարավ ճանապարհի 2-րդ եւ 3-րդ տրանշների աշխատանքների ավարտը նախատեսված է 2019 թվականին: Այս մասին տեղեկացրել է Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ընթացքով:

«Արդյո՞ք կհասցնենք կատարել այն պայմանները, որոնց հիման վրա Հայաստանը կարող է ներկայացնել 4-րդ և 5-րդ տրանշների համար ֆինանսավորման հայտը»,- հարցրեց Կյուրեղյանը՝ հիշեցնելով, որ 2-րդ և 3-րդ տրանշներով նախատեսված աշխատանքները կիսատ են:

Նրան հետարքրքել է կառուցման ընթացքը եւ դրան ուղղվող ֆինանսական միջոցները: Կյուրեղյանը նկատել է, որ ճանապարհի Երեւան-Աշտարակ, Երեւան-Արտաշատ հատվածներն աչքի չեն ընկնում իրենց որակով, աշխատանքներն էլ ավարտված չեն:

Նախարարը պատասխանեց, որ առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, սակայն դեռ հանձնված չեն, գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ, ինչ թերություններ էլ կան այսօր կապալառուն իր հաշվին ուղղում է:

Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունից սկսած բազմիցս հնչել են մտահոգություններ, քննադատություններ ու դժգոհություններ այս ծրագրի շուրջ: Այն Հայաստանի երբեւէ ձեռնարկված ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է: Ինչպես է կառուցվում ճանապարհը, որքան է արժենում դրա շինարությունը, որոնք են ֆինանսական աղբյուրները, ինչպես է կատարվում վերահսկողությունը եւ, վերջիվերջո, ինչպիսի տնտեսական էֆեկտ պետք է ունենա մեգանախագիծը: Ճանապահի հետ կապված բոլոր հարցերին պատասխանելու համար «Երկիր Մեդիան» անցկացրել է հետաքննություն, որի արդյունքը շուտով կներկայացնենք մեր եթերում:

Տպել Տպել