Ամուր սահման` հզոր հայրենիք. ՀՕՄ-ի ներդրումը սահմանամերձ բնակավայրերի ամրացման և զարգացման գործում

«Հայ օգնության միության» (ՀՕՄ) Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ

Ելնելով հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող պատմական իրադարձություններից՝ ՀՕՄ-ն իր գործունեությունը ծավալել է դրանց համապատասխան՝ առանձնացնելով տվյալ իրավիճակի համար կարևորագույնը: Իրատեսորեն համարել է, որ երկրում առկա սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրները, հայ փախստականների, անապաստանների, գաղթականների, որբերի ու հիվանդների ապահովության ու օգնության համար միջոցների հայթայթումն ու տրամադրումը միայն Հայաստանի կառավարության խնդիրը չէ: Այն համայն աշխարհով մեկ սփռված հայության խնդիրն է, ազգանպաստ գործունեությունը` յուրաքանչյուր հայի պարտքը: Եվ այս նպատակն իրագործելու ճանապարհին, քաջ գիտակցելով հարցերի հույժ կարևոր լինելը, ՀՕՄ-ը համագործակցել է Հայաստանի բոլոր կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, հայկական մի շարք բարեգործական միությունների, կազմակերպությունների հետ՝ դրանով իսկ կրկնապատկելով և եռապատկելով ազգանվեր գործը:

ՀՕՄ-ի առաքելությունն է` նպաստել Հայաստանի հանրապետությունում իրավական, ժողովուրդավարական պետության ձևավորման եւ քաղաքացիական հասարակության կերտման գործընթացին, օժանդակել հայ ժողովրդի ընկերային, կրթական, առողջապահական և բարեսիրական ծրագրերի իրականացմանը:

Իր առաքերությանը հավատարիմ՝ 1988թ. աղետալի երկրաշարժի օրերին, Հայ օգնության միության կենտրոնական վարչությունը աշխարհասփյուռ մասնաճյուղերով և կամավորներով ձեռնարկում է անմիջական դրամահավաք, որպեսզի կարողանա անհապաղ օժանդակություն ուղարկել Հայաստան՝ «Կարիքը հսկայ է, ժամանակը` կարճ» կարգախոսով:

Հայաստանի վերանկախացումից անմիջապես հետո ՀՕՄ-ի ներկայությունը Հայաստանում տեսանելի դարձավ իր ներդրումների և Հայաստանի ողջ տարածքում գործող 50 մասնաճյուղերի շնորհիվ: Այդ օրերին հույժ կարևոր էր աղետից տուժած ժողովրդի կողքին լինելը, ուստի հումանիտար մեծաքանակ օժանդակությանը զուգահեռ հիմնվեցին մեկը մյուսին հաջորդող, ՀՕՄ-ի անունը կրող, օպտիկական և հոգեբանական կենտրոնները, Ախուրյանի Նիկոլ Աղբալյան վարժարանը և Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնը, որն այսօր տոնում է իր 20 ամյակը: Այդ արդիական հաստատության հարկի տակ, այս տարիներին, լույս աշխարհ են եկել ավելի քան 14000 երեխաներ: Այս ամենի կողքին պետք է ավելացնեմ ՀՕՄ-ի ծրագրերը գյուղերի զարգացման ու օժանդակության գործում: 26 տարիների ընթացքում ՀՕՄ-ը, իր աշխարհասփյուռ կառույցների ու նվիրատուների միջոցով, կարողացել է իրականացնել մի շարք բարեկարգումներ Հայաստանի քաղաքներում և գյուղերում: Մասնավորապես Հայ օգնության միության ուշադրության կենտրոնում են գտնվում սահմանամերձ համայնքները: 2014 թվականից, ՀՕՄ-ը որդեգրեց <Ամուր սահման` հզոր հայրենիք> կարգախոսը և իր գործունեության հիմնական թիրախն ու առանցքը ընտրեց Տավուշի և Վայոց Ձորի սահմանամերձ համայնքները, որտեղ իրականացվել են մի շարք ծրագրեր՝ նպատակ ունենալով բարելավել համայնքների ժողովրդի կյանքի պայմանները: Կառուցվել են ջրագծեր, խճապատվել են ճանապարհներ, վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկենտրոններ: Սահմանամերձ բնակավայրերի զարգացման կարևորությունը առաջնահերթ դասելով՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերին գործընկերոջ կարգավիճակով միանալով, ՀՕՄ-ը աջակցում է սահմանամերձ համայնքների /Տավուշի մարզ/ ջերմոցային տնտեսությունների կառուցմանը՝ ապահովելով ջերմատներում կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրմանը: Արդեն իսկ կառուցվել է 30 ջերմատուն և նախատեսվում է առաջիկայում շարունակել օժանդակությունը՝ ևս 30 ջերմատան կաթիլային համակարգերը տեղադրելու նպատակադրումով, որպեսզի համայնքի բնակիչները ունենան աշխատանք և կառչած մնան իրենց հողին:

Տարիներ շարունակ, սեպտեմբերի մեկին, Հայաստանի տարբեր բնակավայրերում, հատկապես սահմանամերձ համայնքաներում, ՀՕՄ-ը փոքրիկներին գրենական պիտույքներով է դիմավորել դպրոցներում: Այս տարի ևս, սեպտեմբերի 1-ին, 2017-18 ուսումնական տարվա վերամուտին ընդառաջ, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի սահամանամերձ 39 համայնքների 45 դպրոցների 1-4-րդ դասարանի 3096 աշակերտներ ՀՕՄ-ի կողմից ստացան գրենական պիտույքներ ու պայուսակներ:

Ստեղծման օրվանից Հայ Օգնության Միությունը մշտապես եղել է մեր սահմանը անառիկ պահող հայ զինվորի կողքին՝ ցուցաբերելով բարոյական և նյութական օժանդակություն: Ինչպես արցախյան ազատամարտի տարիներին, այսօր ևս շարունակվում են այցելությունները զորամասեր և առաջնային գիծ, տրամադրվել են բանակին քնապարկեր, տաքացուցիչներ և նվերներ զինծառայողներին: զորամասերում կազմակերպվել են միջոցառումներ և համերգներ, որոնք մեծ ոգեորություն են առաջացրել զինծառայողների մոտ:

2015թ. ի վեր ՀՕՄ-ը իրագործում է «Նամակ զինվորին» ծրագիրը, որի շրջանակում յուրաքանչյուր տարի Հայաստանի և Սփյուռքի հայ կրթօջախների սաները իրենց սրտաբուխ նամակներով ոգեշնչում են հայ զինվորին:

1992 թվականից առ այսօր ՀՕՄ-ի ջանքերի շնորհիվ իրենց անհատ հովանավորներն են գտել զոհված ազատամարիկների և երկկողմանի ծնողազուրկ շուրջ 8000 երեխաներ՝ Հայաստանում և Արցախում: Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո զոհված հերոսների շուրջ 70 երեխա ունեն արդեն իրենց հովանավորները:

2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո <Ամուր սահաման` հզոր հայրենիք> կարգախոսը վերափոխվեց <Ուժեղ բանակ, ամուր սահաման` հզոր հայրենիք> կարգախոսի: Բոլոր վիրավոր զինծառայողները և ազատամարտիկները եղել են ՀՕՄ-ի ուշադրության կիզակետում: Այժմ կառույցը սերտորեն համագործակցում և աջակցում է նորաստեղծ Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին:
Հատկանշական է ՀՕՄ-ի Արցախի Սոսե մանակապարտեզների ցանցի պարագան: Այս մանակապարտեզները աշխատում են Արցախի 8 համայնքներում, վերջերես Ստեփանակերտ քաղաքում վերաբացվեց Սոսե մանկապարտեզի եռահարկ շենքը, որը արդիական կառույց է եւ որտեղ իրենց նախադպրոցական կրթությունը կստանան 130 երեխաններ: Շենքի կառուցումը կատարվել է ՀՕՄ-ի բոլոր միավորների և նվիրատուների շնորհիվ:

Հետագայի աշխատանքներ`
ՀՕՄ-ի մնայուն «Լավագույն ուսանող» ծրագրով, որը իրականացվում է 1993թ.-ից, կենտրոնական վարչության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սոցիալապես անապահով, բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողները ստանում են խրախուսական դրամական պարգևներ: Յուրաքանչյուր տարի ՀՕՄ-ի լավագույն ուսանող մրցանակին արժանանում է 55 ուսանող, այս տարի պարգևատրվելու են սահմանամերձ բնակավայրերի և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողները: Մեր նպատակներից են՝ ստեղծել աշխատատեղեր սահմանամերձ շրջաններում,
շարունակել օժանդակել սահմանամերձ համայնքներում ջերմոցային տնտեսությունների հիմնման ծրագրին:

2015-ից սկսած կազմակերպվել է Բաղանիս, Վազաշեն, Այգեհովիտ, Ազատամուտ, Բագարան, գյուղերի դպրոցների աշակերտների այց Երևանի տեսարժան վայրեր` նպատակ ունենալով աշակերտներին ծանոթացնել մայրաքաղաքի պատմամշակութային արժեքներին: Նախատեսվում է նմանատիպ այցերը շարունակական դարձնել:
Խթանել ծնելիությունը սահմանամերձ համայնքներում:

Այս բոլոր ծրագրերի իրագործումը հնարավոր է ՀՕՄ-ի աշխարհի 26 երկրում գործող միավորների ջանքերի շնորհիվ:

19 Սեպտեմբեր 2017թ.

Տպել Տպել