Հայ-եգիպտական միջկառավարական 5-րդ նիստում ստորագրվել են համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր

Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստը: Հանձնաժողովը համանախագահում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը:

Եգիպտական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել ԵԱՀ ներդրումների և միջազգային համագործակցության նախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բաժնի ներկայացուցիչները, ներդրումների և ազատ գոտիների գլխավոր տեսչության, առևտրի եւ արդյունաբերության, մշակույթի, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ: Հայկական պատվիրակության կազմում են 8 գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստին մասնակցում էին երկու երկրների դեսպանները:

ՀՀ ՏԿԶ նախարար, հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանը ողջունելով նախարար Նասրին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, ասել է, որ բավականին արդյունավետ աշխատանք են իրականացրել հանձնաժողովի անդամները: «Այսօր արդեն կարող ենք ամփոփել և մեր երկու երկրների համագործակցության համար գծենք այն ճանապարհային քարտեզը,որով առաջիկա տարիների ընթացքում փոխադարձաբար առաջ կշարժվենք: Բոլորիս հայտնի է, որ մեր վերջին միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել 2005 թ-ին և այդ պատճառով մեր հարաբերություններում տնտեսական և քաղաքական տեսանկյունից մեծ դադար է արձանագրվել և դա առաջին հերթին աշխարհաքաղաքական իրավիճակով է պայմանավորված: Այսօր երկու երկրները պատրաստակամութուն են հայտնել վերսկսել միջկառավարման հանձնաժողովի նիստերը և գտնել համագործակցության ճանապարհները: Վերջին 12 տարվա ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակը բավականին կրճատվել է, չի եղել հիմնական համագործակցության բազան և կոորդինացումը: Եվ այս միջկառավարական հանձնաժողովի նիստը պետք է լինի այն հիմնական հարթակը, որով մենք պետք է առաջ շարժվենք: Կան շատ ոլորտներ, որոնք փոխադարձաբար շահավետ են երկու երկրների համար, դա զբոսաշրջությունն է, փոխադարձ ներդրումներով արտադրությունների հիմնումը, տնտեսական համագործակցությունը, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները: Շատ կարևոր է Եգիպտոս-Հայաստան համագործակցությունում առանձնացնել Եգիպտոս-Հայաստան ապակենտրոնացված համագործակցությունը մեր մարզերի և Եգիպտոսի համապատասխան նահանգների միջև, որը հնարավորություն կտա ավելի կոնկրետ, տեղայնացված համագործակցության հասնել: Ներուժը հսկայական է, հնարավորությունները շատ մեծ են»,-ասել է նախարար Լոքյանը:

Նա ընդգծել է, որ Եգիպտոսն ունի աշխարհի համար մի շատ կարևոր տնտեսական հարթակ՝ Սուեզի ազատ տնտեսական գոտին, որը ոչ միայն արտադրության, առևտրի, այլ մի շարք ուղղություններով աշխատող գոտիներից մեկն է: «Նախարար Նասրից ստացել ենք առաջարկություններ, որպեսզի մեր գործարարներին տրամադրենք հնարավորություն այս ուղղությամբ աշխատելու, քանի որ մեծագույն շուկաներ դուրս գալու լավագույ ն օղակներից մեկն է»,-ասել է Դ. Լոքյանը: Միաժամանակ նա վստահեցրել է, որ Սահար Նասրի և ՀՀ Նախագահի, վարչապետի, գործարարների հետ հանդիպումները նոր խթան են դառնալու գործընթացն ակտիվացնելու համար:

Նախարար Սահար Նասրը իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախարար Լոքյանին համագործակցության և աջակցության համար, ասել, որ ուրախ է եղբայրական Հայաստանում գտնվելու և միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: «Այստեղ մենք զգացինք մեզ ինչպես մեր երկրում: Մենք ունենք հայկական համայնք և դրանից օգտվելով պիտի զարգացնենք մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում` կրթական, մշակութային, տնտեսական և այլն: Մենք ձգտում ենք ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը և քննարկումների արդյունքում ունեցել ենք դրական արդյունքներ, շեշտում ենք, որ մեր երկու երկրներում ներդրումների և առևտրատնտեսական հարաբերություններ զարգացումը ուշադրության կենտրոնում է: Շատ կարևոր է, որ համաձայնությունները չմնան թղթի վրա : Մենք պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, ժամանակացույց և լուրջ կերպով հետևենք արդյունքներին: Մեծ նշանակություն ունի նստաշրջանի գումարումը հատկապես այս ժամանակաշրջանում, երբ երկու երկրներում էլ տեղի են ունենում տնտեսական բարեփոխումների մեծ ծրագրեր»,-ասել է նախարար Սահար Նասրը:

Նիստի ավարտին նախարարներ Դավիթ Լոքյանը և Սահար Նասրը ստորագրել են հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրությունը: Նիստի շրջանակներում ՀՀ կառավարության անդամները եգիպտական կողմի հետ ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության վերբերյալ փաստաթղթեր:

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության և ներդրումների նախարարության միջև ներդրումների ոլորտում համագործակցության» մասին փոխըմբռնման հուշագիր
2. Փոխըմբռնման հուշագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Եգիպտոսի երիտասարդության նախարարության միջև:
3. ՀՀ Ազգային Գրադարանի և Ալեքսանդրիայի գրադարանի միջև փոխըմբռնման հուշագիր
4. ՀՀ և ԵԱՀ մշակույթի նախարարությունների միջև համագործակցության մասին գործնական ծրագիր
5. Երևանի պետական համալսարանի և Կահիրեի համալսարանի միջև ակադեմիական համագործակցության համաձայնագիր
6. ՀՀ Ազգային արխիվի և ԵԱՀ ազգային գրադարանի և արխիվի միջև արխիվային գործի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր

Հիշեցնենք, որ 1996 թ-ից գործել է Հայ- եգիպտական միջկառավարական հանձնաժողովը, որը ունեցել է 4 նիստ։ Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից հետո անցել է 12 տարի։ Վերջինը՝ 2005թ-ին, տեղի է ունեցել Կահիրեում։ Հերթական 5-րդ նիստը պետք է կայանար դեռևս 2011 թվականին՝ Երևանում, սակայն հայտնի իրադարձությունների պատճառով այն հետաձգվել է եգիպտական կողմի խնդրանքով։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Տպել Տպել