Արցախի ԱԳ նոր նախարարն ընդունել է սոցիալիստ երիտասարդներին

Արցախում գտնվող Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամները սեպտեմբերի 30-ին հանդիպել են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:

Նախարարը ողջունել է երիտասարդների այցը Արցախ, գոհունակության հայտնել, որ երիտասարդները հետաքրքրված են Արցախում տեղի ունեցող գործընթացներով և հույս հայտնել, որ այցելության ընթացքում նրանք կստանան օգտակար տեղեկություններ: Նախարարը ներկայացրել է Արցախի խնդրի էությունը, կարևորելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Մենք այսօր ունենք կայացած պետական ինստիտուտներ, որոնք ի վիճակի են ապահովել ժողովրդի զարգացումը անվտանգության պայմաններում»,- նշել է Մասիս Մայիլյանը և ավելացրել, որ Արցախը կողմնակից է, որպեսզի բոլոր վեճերը լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղ ճանապարհով:

Այնուհետև ԱՀ ԱԳՆ նախարարը պատասխանել է երիտասարդ քաղաքական գործիչներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի տնտեսական, քաղաքական, կրթական զարգացումներին՝ հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված չլինելը:

Հիշեցնենք, որ երիտասարդ գործիչները ժամանել են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով։

aparaj.am

Տպել Տպել