Ավարտվեց Ընկերվար երիտասարդների միջազգային միության ճանաչողական այցը Արցախի Հանրապետություն

2017 թվականի սեպտեմբերի 29-ին Երևանում մեկնարկեց, ապա մինչև հոկտեմբերի 1-ը Արցախի Հանրապետությունում շարունակվեց Ընկերվար երիտասարդների միջազգային միության անդամ կազմակերպությունների 25 պատվիրակների ճանաչողական այցը Արցախ:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ և Ընկերվար երիտասարդների միջազգային միության հրավերով Արցախում մեկտեղված՝ աշխարհի 17 երկրների պատվիրակները, ովքեր ներկայացնում էին Եվրոպայի՝ Բուլղարիա, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Ավստիրա, Ալբանիա, Պորտուգալիա, Կիպրոս, Մերձավոր և Միջին Արևելքի՝ Լիբանան, Պաղեստին, Իսրայել, ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների երիտասարդ քաղաքական գործիչները սպառեցին ծրագրի հագեցած օրակարգն ու վերադարձան իրենց երկրներ՝ տանելով Արցախյան հիմնախնդրի, Արցախի մշակույթի և առօրյայի, հայկական զույգ հանրապետությունների արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ առարկայական պատկերացումներ:

Ծրագրի երևանյան օրակարգն ընդգրկում էր հանդիպումներ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի և ՀՀ փոխարտգործնախարար Շավարչ Քոչարյանի հետ, որոնց ընթացքում արտասահմանցի երիտասարդները, մի դեպքում ծանոթացան կոնֆլիկտի պատմությանը և կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշմանը, իսկ մյուս դեպքում՝ բանակցային գործընթացի և խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը, բանակցային գործընթացի ներկա հանգրվանին և հավանական զարգացումներին:

Արցախյան հանդիպումների շարքը մեկնարկեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում: Արտասահմանցի երիտասարդների հանդիպումը ԱՀ արտաքին գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանի հետ, առանձնացավ հետաքրքիր հարցադրումներով, որոնք վերաբերում էին կոնֆլիկտի կարգավորման՝ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը, վերջինիս միջազգային ճանաչմանը, ԱՀ միջազգային կապերին և ընդհանրապես նախարարության քաղաքական առաջնահերթություններին:

Կարևորագույն հանդիպումներից հաջորդը Արցախի Հանրապետության խորհրդարանում էր, որտեղ նրանց ընդունեց ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը, որի անդամներ Արմեն Սարգսյանը և ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հիմնավորապես ներկայացրեցին Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը, ինչպես նաև առանձնապես կարևորեցին միջազգային քաղաքական և միջկուսակցական թատերաբեմում Սոցիալիստական Ինտեռնացիոնալի հավասարակշիռ պահվածքը՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:

Պետականաշինության գործում կարևորելով քաղաքացիական հասարակության նշանակությունը՝ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը, հաջորդ հանդիպումը նախատեսել էր Արցախում գործող չորս խոշորագույն հասարակական կազմակերպությունների հետ: Արցախի պետական համալասարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին տարվող աշխատանքները արցախյան քաղաքացիական հասարակության գործունեության հիմնական ոլորտներում՝ երիտասարդությանը հոզող հարցեր, կրթություն, մշակույթ, առողջապահություն, փախստականների հիմնախնդիրներ և այլն:

Ճանաչողական այցի շրջանակներն ընդգրկել են նաև Արցախում դեռևս 2000 թվականից գործունեություն ծավալող անգլիական «Հալո թրաստ» մարդասիրական կազմակերպության ծրագրերին ծանոթացումը, որի արդյունքում հարյուրավոր հեկտարներ ապաականաապատվել են՝ վերահաս վտանգից փրկելով հարյուրավոր կյանքեր:

Ընկերվար երիտասարդները Շուշի քաղաքում հանդիպել են նաև ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գևորգյանի հետ՝ ծանոթանալով ԱՀ մշակութային քաղաքականությանը, երիտասարդությանը հոզող հարցերին և նրանց զբաղվածությանը։ Շուշիում մասնակիցները այցելեցին նաև մինչև այսօր կանգուն իրանական մզկիթ։

Ուումնական այցի եզրափակիչ օրը մասնակիցները այցելցին Ստեփանակերտի Թումո ստեղծարար կենտրոն, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին և արցախցի նորարար երիտասարդներին՝ ցույց տալով Արցախի մտային ներուժը:

Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության ծանոթացումը, այդ համատեքստում այցելությունները հայկական մշակույթի ու տարածքի հայապատկանության առհավատչյաներ հանդիսացող Շուշիի սուրբ Ղազանչեցոց և Քարվաճառի Դադիվանք վանքային համալիրներ, «Տատիկ Պապիկի» հուշահամալիր, հավելյալ անգամ ցուցեցին Արցախի հայապատկանության անվիճարկելիությունը։

Մասնակիցները Արցախից հեռացան տպավորված՝ Արցախի մասին դրական պատկերացում կազմելով, ինչպես նաև վերադառնալու ակնկալիքով։

ՀՅԴ Երիտասարդականը՝ ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ընդհանուր համակարգմամբ, հետայսու էլ շարունակելու է արտաքին-հարաբերական գործուն նախաձեռնողական քաղաքականությունը, որը Եվրոպայի և ընդհանրապես աշխարհի վաղվա քաղաքական դերակատարների շրջանում բյուրեղացնելու է Արցախյան հիմնախնդրն, Հայ դատին, հայությանը առնչվող և հուզող խնդիրների շուրջ առարկայական և փաստարկված պատկերացումները:

ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ

02 Հոկտեմբեր 2017

Տպել Տպել