Աղվան Վարդանյանի ճեպազրույցը խորհրդարանում

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ուրախ է` Ագրամունտը, ի վերջո, չդիմացավ ճնշումներին և հրաժարական տվեց: Վարդանյանի կարծիքով` ով էլ լինի հաջորդ ԵԽԽՎ նախագահը, բնականաբար, հետևություններ կանի:

«Սա մեկ օրվա պատմություն չէ: Ադրբեջանը բավականին լուրջ ճնշումների տակ է»,- ասաց նա, ապա հավելեց. «Ինչ կանի Արդբեջանը իր խնդիրն է. դուրս կգա ԵԽԽՎ-ից թե ոչ, մեզ ոչ սառն է ոչ տաք: Մենք այդ կառույցների անդամ ենք, մենք պարտավոր ենք կատարել մեր պարտականությունները: Մենք պետք է կարողանանք մեր պատկերացրած արժեքային համակարգի մոտ լինել: Այս հրաժարականից հետո հետևություններ կանեն եվրոպական տասնյակ ու տասնյակ օրենսդիրներ»,- հայտարարեց նա:

Լրագրողները նրանից հետաքրքվեցին` 2018 թվականին Սերժ Սարգսյանի` վարչապետ առաջադրելու հարցին:

«Միշտ խուսափել եմ «եթե»-ներով հարցերին պատասխանելուց, դա անլուրջ է: Կա օրենսդրություն, կա Հանրապետական կուսակցություն, որին, ըստ մեր համաձայնագրի, պատկանում է վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, և երբ այդ իրավունքը կիրացվի, մենք այդ մասին կխոսենք։ Հիմա այդ մասին խոսելը ժամանակավրեպ է», – նշեց նա։

Աղվան Վարդանյանը խորհուրդ տվեց համբերատար լինել՝ նշելով, որ կգա ժամանակը, երբ բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն։

Աղվան Վարդանյանը նշեց, որ շաբաթվա իրադարձությունը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի դատավարությունն է:

«Մենք ունենք դատապարտյալ Մհեր Ենոքյան։ Արդեն 21 տարի բանտում է, երկու անգամ փախուստ է կատարել, մեկ անգամ՝ փախուստի փորձ և այս 21 տարվա ընթացքում առաջին անգամ դատարանում փոքր հաղթանակ է ունեցել, որը նաև տվյալ դատավորի մարդ լինելով է պայմանավորվում։ Հավատում եմ, որ, ի վերջո, իր ճակատագրում փոփոխություն կլինի», – ասաց Աղվան Վարդանյանը:

«Ես չեմ ուզում անդրադառնալ ոչ Ա. Գեղամյանի, ոչ Ն. Փաշինյանի հայտարարություններին: Նման վարվելաձևերն ԱԺ-ում ոչ միայն դատապարտելի են, այլև՝ ափսոսանք ու ցավ կարող եմ արտահայտել, որ մարդիկ չափից ավելի կանխատեսելի են հաճախ դառնում իրենց վարքագծի մեջ։ Մի ահելի և մի ջահելի պատմություն է, չէի ուզենա, որ իրար նմանվեին և այսքան կանխատեսելի դառնային»,- հայտարարեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է արդյոք նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, Վարդանյանն ասաց, որ մի շարք համայնքներում թեկնածուներ առաջադրել են, սակայն հիմնական մասնակցությունը լինելու է ավագանիների ընտրությանը:

Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք,- ասաց Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ համակարգն ամբողջովին անկախ է լինելու։ «Այն կախված կլինի միայն հասարակությունից եւ մասնագիտական որակներից։ Մենք ստեղծել ենք համապատասխան օրենսդրական մեխանիզմ, որը դատարանները բավականին անկախ կդարձնի եւ ոչ միայն ֆորմալ առումով»,– ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ այդ փոփոխությունները շատ նշանակալի են։

Տպել Տպել