2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն օրերս ներկայացրեց 2016-2017 թվականների ընթացքում կատարված հիմնական աշխատանքների հաշվետվությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը չի բացառել, որ համայնքների խոշորացումից հետո իշխանությունները կանցնենմարզերի խոշորացման ծրագրին: «Գուցե 10 տարի հետո հնարավոր է»,- ասել է նա:

Լոքյանը միայն նշել է, որ 2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով եւ մշակվող հայեցակարգի սկզբունքներով:

«Հայեցակարգը տալու է, թե մենք ինչ ֆունկցիաներ ենք ավելացնում մարզպետների վրա, ինչն ենք պակասեցնելու, ինչ ենք տանելու համայնքներ, ինչ լրացուցիչ պարտականություններ ենք դնում օրենքով մարզպետարանների վրա»,- մանրամասնել է նախարարը՝ միաժամանակ խոստովանելով, որ մարզպետների գործառույթների փոփոխության հարցը իրենք մարզպետների հետ չեն քննարկել»:

-Պարո՛ն Լոքյան, «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ հրապարակել էր, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գլոդ» ընկերությունը առաջիկայում պատրաստվում է առանց աշխատանքի թողնել 70 վարորդի: Դուք չե՞ք պատրաստվում միջամտել, չէ՞ որ ռուսական ընկերության պատճառով 70 ընտանիք սոված է մնալու:

-Մենք չենք կարող միջամտել մասնավոր ընկերության գործունեությանը: Բայց փորձել ենք հասկանալ պատճառները: Ուղիղ ընկերության հետ կապ չենք հաստատել: Բայց մենք այդ մասով մարզպետարանի հետ ենք կապ հաստատել եւ փորձել ենք հասկանալ` դա ծավալների փոքրացման արդյունքո՞ւմ է, թե՞ այլ պատճառներ կան: Պարզվում է, որ հիմնականում ծավալների նվազեցման պատճառն է: Իրականում բեռնափոխադրումներ իրականացնողների խնդիր է սա:

-Առողջապահական կազմակերպությունների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում` կապված էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ: Ինչպե՞ս եք պատրաստվում մեղմացնել նրանց բողոքը:

-Ուրախացնենք Ձեզ. մինչեւ հունվարի 1-ը ՀՀ բոլոր պոլիկլինիկաները եւ առողջապահական այլ կազմակերպությունները վճարումներ չեն անելու: Այսինքն՝ ծառայությունից օգտվելու են անվճար: Բայց առողջապահության նախարարությունը ներկայացրել է շատ հրաշալի տարբերակ` սահմանամերձ համայնքներում գտնվող հաստատությունները ծառայության դիմաց զրո կվճարեն, խնդիրը կբաժանվի մյուսների վրա…

-Այսինքն՝ այդ ֆինանսական լրացուցիչ բեռը, որից դժգոհում էին առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչները, գցեցիք պետության ուսերին…

-Բնական է, մենք վերջին հաշվով բուժհաստատություններին պետական միջոցներ ենք հատկացնում, որպեսզի կատարեն իրենց պարտականությունները: Եթե խորանում ենք, սա հրաշալի բան է: Իրականում մեր հիվանդանոցները պետք է իրենց միջոցներով անեին այս ամբողջը: Բայց պետությունը ձեռք է մեկնում: Ինչո՞ւ պետք է մասնավոր հիվանդանոցը չվճարի այդ ծառայության համար, կամ հիվանդանոցները բնակիչներից գանձում են որոշակի միջոցներ, ինչո՞ւ դրանից չվճարել այդ 300 հազար դրամը եւ ունենալ քաղաքակիրթ առողջապահական համակարգ: Սա կարգ է, որն իրագործելու հարցում պետք է մեր բուժհաստատությունները շահագրգռված լինեն: Բայց մենք կրկին փորձեցինք ձեւ գտնել, որպեսզի հեռու, սահմանամերձ բնակավայրերում չբարդացնենք խնդիրները:

-Պարո՛ն Լոքյան, նախկինում մարզերը համաչափ զարգացնելու նպատակով քննարկվում էր որոշ գերատեսչությունները մարզեր տեղափոխելու հարցը: Այս պահին այս հարցը դեռ քննարկվո՞ւմ է:

-Այդ հարցի շուրջ քննարկումը դեռ շարունակվում է: Բայց քննարկվում է միայն մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունները Գյումրի տեղափոխելու հարցը: Թե երբ կամ ինչպես, չեմ կարող ասել: Բայց այդ հարցը ավելի ճիշտ կլինի հանրապետության նախագահի, վարչապետի մակարդակով քննարկվի:

-Դուք նախարարության գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձաք սահմանամերձ Կոթիին: Ոգեւորված նշեցիք, որ այնտեղ ներդրումային ծրագրեր են իրականացվելու եւ այլն: Բայց չնայած դրան` կոթեցու կյանքը, ապրելակերպը չի բարելավվել, եւ նա թարմ հաց չի կարողանում գնել, այլ մեկ օր սպասում է, որպեսզի կես գնով գնի հին հաց…

-Ես սիրում եմ Կոթին, Կոթիի պատվավոր քաղաքացի եմ… Կոթիում թարմ հաց չե՞ն կարողանում գնել, ես տեղյակ չեմ: Եթե իմանամ, շատ արագ կօգնեմ, եւ իրենք կունենան հացի թխման արտադրություն: Եթե դրանց սպառումը կա, եւ դա կաշխատի: Թող մեկը դիմի Կոթիից… լավ, ես կդիմեմ: Զարմանալի բան է: Բայց Երեւանում էլ այդ երեւույթը կա:

armlur.am

Տպել Տպել