Իսահակյանի նամակը Ռուբեն (Արտաշես Չիլինկարյան) Դարբինյանին

1959 թվականին Կահիրեի «Հուսաբեր» տպարանը հրատարակել է Ավետիք Իսահակյանի նամակները ուղղված դաշնակցական հայտնի գործիչներ Վահան Նավասարդյանին, Ռուբեն Դարբինյանին, Երվանդ Խաթանասյանին, եւ Վարդգես Ահարոնյանին: Թեեւ որոշ նամակների վրա Իսահակյանը չի նշել դրանք գրելու ամիսն ու օրը կամ տարեթիվը, սակայն ակնհայտորեն բոլորն էլ գրվել են 1921-1926-թվականներին, երբ բանաստեղծը ընտանիքի հետ ապրել է Վենետիկում: Ինչպես նշվում է նամականու նախաբանում դրանց հրապարակումը հնարավոր է դարձել միայն բանաստեղծի մահվանից հետո, երբ այլեւս նամակները չէին կարող վնասել Խորհրդային ռեժիմի պայմաններում ապրած հեղինակին: Նամականին ինքնին արժեքավոր լինելով բացահայտում է այն իրողությունը, որ օտարության մեջ ապրելու տարիներին անգամ մեծ բանաստեղծը մտքով ու հույզերով մշտապես եղել է հայրենիքի հետ, տառապել է նրա կարոտով, չնայած քաղաքական անբարենպաստ հանգամանքներին տենչացել է վերադառնալ եւ հայրենի միջավայրում հագեցնել ֆիզիկական ու հոգեկան քաղցը: Նամակները բացահայտում են Իսահակյանի քաղաքական հայացքները, հայրենիքի կորսված եզերքները երբեւէ վերադարձված տեսնելու բեկբեկուն երազները: ՀՅԴ կայքը մտադիր է այլ առիթով ավելի մանրամասնորեն անդրադառնալ հիշյալ նամակներին, նկատի ունենալով նաեւ, որ դրանցից որոշները կրճատումներով լույս են ընծայվել 2015թվականին՝ Երեւանի Պետական համալսարանի հրատարակչության կողմից «Ավետիք Իսահակյանի նամակները»:

Բանաստեղծի եւ ազգային գործչի մահվան տարելիցի առիթով հրապարակում ենք Իսահակյանի գրած նամակը «Հայրենիք» թերթի եւ համանուն ամսագրի խմբագիր, Հայաստանի առաջին հանրապետության Արդարադատության նախարար եւ ՀՅԴ նշանավոր գործիչ ու տեսաբան Արտաշես Չիլինկարյանին (հայտնի է որպես Ռուբեն Դարբինյան):

Նամակը հրապարակվում է հայաստանյան ուղղագրությամբ, այլ միջամտություններ արված չեն: Նամակը թվագրված չէ, սակայն ենթադրաբար գրվել է 1925 թվականի ամռանը:

Սիրելի Արտաշես,

Վաղուց է քեզ նամակ չեմ գրած: Այս տարի ամեն տարվա վրա քեֆս գեշ է: Պատճառները բազում են: Բայց բոլորը մի ակնաղբյուր ունեն – շատ երկար տեւեց ղարիբությունը, եւ ծերանում եմ ժողովրդից հեռու… եւայլն եւայլն: Մնալ չի լինում, գնալ չի լինում, ի՞նչ պիտի լինի սրա դեղը:

Ամեն տարի հույսերս մյուս տարվա վրա ենք ձգում եւ միշտ խաբվում: Այս վերջին տարին է, որ պիտի համբերեմ:Մյուս տարի այլեւս չեմ մնալու դուրսը. կամ Հայրենիք, կամ թափառել բոլոր լայնությունների վրա, բայց ավելի շուտ՝ Հայրենիք: Ասում են, որ լավ է, կարելի է ապրել, հաճելի է նույնիսկ, գնալ եւ սեփական աչքերով տեսնել իրականությունը:

Այստեղ է նկարիչ Սարյանը: Հաճախ տեսակցում ենք իրար: Բոլշեւիկ չէ: Պատմում է նրանց դրական ու բացասական կողմերն ու գործերը: Ասում է, որ խաղաղություն լինի, մի քանի տարուց հետո (5-6) շատ լավ երկիր կլինի, թեեւ պզտիկ, բայց բարեկարգված: Հույս չունի, որ Կարսը եւ Սուրմալին հետ գրավեն Ռուսները, որովհետեւ Ռուսները եւ նրա բաղկացուցիչ Սովետները շատ ավելի թրքասեր են քան հայասեր, եւ հետո բոլշեւիկ զինվորը չի կռվի՝ Հայաստանի սահմանները մեծցնելու համար: Հույս չունի թե բոլշեւիզմը ընկնի, որովհետեւ, զինված կուսակցություն է եւ շատ խիստ ու սարսափեցնող ռեժիմ: Պետք է գիտնալ այս եւ մեր շահերը հարմարեցնել դրան: Հայրենասեր մարդ է եւ հասկանում է Դաշնակցության պահանջները…

Ստացա երեկ «Հայրենիք» ամսագրի թիվը: Միայն ոտանավորներ կարդացի դեռ եւ Շիրվանզադեի գրածը: Ոտանավորներից կային լավ բաներ Վազգեն Շուշանյանի կտորներից…
Ուղարկում եմ Սարյանի մասին գրածս «Հայրենիք» թերթի համար: Ամսագրի համար հետո կուղարկեմ. Հիմա այնպիսի շոգ է, տաք, որ անկարելի է պարապելը, ստվերի մեջ 30-32աստիճան…

Համբույրներով եւ բարեւներով – քո՝ Ավետիք

Տպել Տպել