Հոկտեմբերի 27-ը մեծ հարված էր պետականությանը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտված է: «Հասարակության մեջ, այդուամենայնիվ, մնացել է այն տպավորությունը, որ լիարժեք բացահայտում չի կատարվել, և սա արդեն 18 տարի է` մեզ ուղեկցում է: Իհարկե, այսպիսի դեպքերը միանշանակ ընկալում չեն առաջացնում բայց ես, նաև հետևելով 18 տարիների դինամիկային, տեսնում եմ, որ ծայրահեղացված վարկածներ այսօր գոնե չեն հնչեցվում»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` մի խավ կա, որ բավարարված չէ, և դա խոսում է այն մասին, որ 18 տարի այդ բեռը, այդ դեպքերի հետ կապված ծանր զգացողությունը մեզ ուղեկցել են:

Ռուստամյանը նաև չբացառեց, որ հնարավոր է` դրսի միջամտություն է եղել հոկտեմբերի 27-ին: «Ես միշտ ասում եմ, որ որևէ բան չի կարելի բացառել, որովհետև եթե քրեական գործի հետ կապված որևէ բան բացառում ես, դա նշանակում է, որ լավ տիրապետում ես բոլոր նյուանսներին: Քանի ամբողջությամբ չի բացահայտվել, և լիարժեք համոզում չի առաջացել, ես որևէ մի այդպիսի վարկած չեմ կարող բացառել»,- ընդգծեց պատգամավորը:

Պատգամավորի կարծիքով` միանշանակ է, որ հոկտեմբերի 27-ը շահավետ էր մեր երկրի թշնամիներին: Միևնույն ժամանակ, նա արտաքին ուժերից Ռուսաստանի միջամտությունն է բացառում: «Հայաստանի թշնամին Ռուսաստանը չէ: Այդ վարկածներից գոնե ազատվեցինք, շատ ծայրահեղացված վարկածներ գոնե այսօր չեն քննարկվում, բայց ես չեմ բացառում, որ դրսի ուժերը մասնակից եղած լինեն»,- ասաց Ռուստամյանը:

Դիտարկմանը` Արա Բաբլոյանը հայտարարել է, որ Հայաստանի զարգացման առաջընթացի վրա հոկտեմբերի 27-ի ազդեցությունը էական չէ, Ռուստամյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ապաքինվենք, ոտքի կանգնենք, դա ետ գցեց մեր երկրի զարգացումն էլ, մնացած բոլոր ծրագրերն էլ»:

Ըստ պատգամավորի` այդ օրերին առնվազն երկու անձի շուրջ կար համախմբում, դա ակնհայտ էր: «Այդ վստահության արդյունքում էր, որ որևէ մեկը կասկածի տակ չէր դնում ընտրությունները: Բոլորն ընդունում էին այդ դաշինքի իշխանությունը, սա մեծ պլատֆորմ էր, որի վրա կարելի էր մեծ հեռանկարային ծրագրեր կառուցել, իրավիճակի սթափ գնահատում կար` երկիրը գտնվում է ծանր ճգնաժամային վիճակում, և այդ իրավիճակը փոխելու խնդիրներ էին դրվում: Առաջին անգամ սեկվեստր արվեց բյուջեն»,- ասաց նա:

Ռուստամյանի կարծիքով` եթե այդ թիմը մնար, այդ համախմբվածությունը մնար, անպայման իր դրական արդյունքները տալու էր, իսկ մեր զարգացման ընթացքը հետ ընկավ:

Տպել Տպել