Կառավարությունը համարձակ փոփոխությունների է գնացել

Հոկտեմբերի 30-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով խորհրդարանում այսօր սկսված 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին, ասաց` ոլորտային քննարկումներ են իրականացվել եւ իր առաջին տպավորությունն այս նախագծից դրական է: Բյուջեի հիմնական ցուցանիշները ընթացիկ եւ կապիտալ ծախսերի չափաբաժինը, վերջին տարիներին համաչափ չեն եղել: Տարիներ շարունակ կապիտալ ծախսերը չեն ավելացվել: Եկող տարի նախատեսվում է մոտ 100 միլիարդով ավելացնել բյուջեն, որի 70-ը գնալու է դեպի կապիտալ ծախսերի ավելացում: Սա, Աղվան Վարդանյանին հույս է տալիս: Կառավարությունն էլ է խոստանում, որ այս եւ եկող տարիները լինելու են զարգացման եւ հնարավորություն է լինելու աշխատավարձերին եւ թոշակների բարձրացմանն անդրադառնալ: «Համարձակ քայլի է գնացել կառավարությունը»,- ասում է նա` հավելելով, որ աշխատավարձերի, թոշակների բարձրացման հնարավոր կլինի գնալ գոնե հինգ տոկոս աճի պայմաններում: Բայց այն փոփոխությունները, որոնք հիմա կատարվում են ոլորտներում, նույն առողջապահության եւ սոցիալական համակարգերում, հույս են ներշնչում, որ քաղաքացու շահերից դրական միտումներ են նախատեսվում: Ավելին, իր գնահատմամբ, դրական միտումներն արդեն առկա են: Ուստի, ինքն այդ բարեփոխումներն ավելի է գնահատում, քան մի քանի հազար դրամով թոշակի կամ աշխատավարձի ավելացումը:

Մամուլը շատ բան կարող է գրել, նման հարց իմ հեռու մտքերում էլ չի եղել,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի մամուլում օրերս հրապարակված լուրին, ըստ որի` Վարդանյանը հավակնում է փոխվարչապետի պաշտոնին:

Պատգամավորը նշեց, որ տարբեր ժամանակներում մամուլը գրել է, որ ինքը դառնալու է ՀՀ նախագահ, ոստիկանապետ: «Բայց ես ձեզ երաշխավորում եմ` աշխարհը պտտվում է, և ոչինչ պետք չէ բացառել: Այն, ինչ գրել է այդ մամուլը, բացարձակապես լուրջ չեմ համարում և չեմ ուզում անդրադառնալ»,- ասաց նա` հավելելով, որ 2018-ը կգա` կխոսենք:

Տպել Տպել