Եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկերի պայմանների փոփոխության պատճառը վճարունակ պահանջարկի բացակայությունն է

Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ Հարկային օրենսգրքում արված եկամտային հարկի մասին փոփոխությունները սահմանափակում են մտցնում միայն խոշորների համար, իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի բերած օրենքի փոփոխության պատճառը վճարունակ պահանջարկի բացակայությունն է:

«Եկամտային հարկի մասին այս դրույթը, որ մտցվել էր, նպատակ ուներ խթանել շինարարությունը և ստեղծել շուկայում վճարունակ պահանջարկ: Երեք տարի առաջ ընդունված այս օրենքի նպատակը սա էր, սակայն այս ընթացքում այդ արտոնությունից օգտվեցին ոչ մեծ թվով մարդիկ: Ընդամենը 500 հոգի՝ անցած տարվա կտրվածքով: Իսկ հիմնական չօգտվելու պատճառն այն է, որ մեզ մոտ չկան մարդիկ, որոնք ունեն համապատասխան աշխատավարձ, որ բանկերից հիփոթեքային վարկ վերցնեն և վճարեն»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Նրա մեկնաբանությամբ ՝ այս գործիքը շինարարության ոլորտի վրա թույլ ազդեցություն ունեցավ: Եվ դրանից կարողացան օգտվել միայն բարձր եկամուտներ ունեցող անձինք։
Տնտեսագետի խոսքով՝ նոր բերված փաթեթը զուտ խնայողական նպատակ ունի, ցանկանում են բյուջեում խնայողություններ ապահովել:

Հիշեցնենք, որ գործադիրի այսօրվա նիստում Վարդան Արամյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում կատարած փոփոխությունները, ըստ որոնց՝ հիփոթեքային վարկից օգտվողների համար նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը փոփոխվում է, և եկամտային հարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե շահառուն 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան է ձեռք բերում, և վարկառուն կամ համավարկառուն չունեն այլ սեփականություն:

Այսինքն՝ ըստ տնտեսագետի բացատրության՝ սահմանափակումը միայն խոշորների համար է, իսկ մարդիկ, որոնք ուզում են օգտվել, էլի կարող են օգտվել:

tert.am

Տպել Տպել