Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նոր ծրագրեր կիրականացվեն

Բնության հատուկ պահպանվող տարածքները թե միջազգային, թե տեղական մակարդակում դիտվում են որպես կենսամիջավայր, որը ներառում է ոչ միայն սոսկ պահպանման գործառույթ, այլև ունի հստակ սոցիալական և տնտեսական դրսևորում:


«ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Այդ տնտեսական և սոցիալական շահը կարող է իրացվել, կարող է ստացվել, եթե մենք ապահովենք պատշաճ պահպանություն: Սա հիմնարար մոտեցում է՝ ի տարբերություն այն շահագործական մոտեցման, որ երկար ժամանակ գերիշխել է անցումային տնտեսության պայմաններում. այսինքն՝ շահագործենք որքան հնարավոր է շատ, որովհետև սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, որ մենք նաև փայփայենք մեր բնությունը և շրջակա միջավայրը: Փոխվել են մոտեցումները, փոխվել է նպատակադրումը, և ներկայումս մեր հիմնական նպատակը բնության և շրջակա միջավայրի պահպանմամբ սոցիալական և տնտեսական արժեք ստեղծելն է, որին միտված քաղաքականություն պետք է լինի»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը նշեց, որ միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր երկիր պարտավոր է ունենալ այնպիսի համակարգ, որը կապահովի էկոհամակարգային մոտեցումներով բնության հատուկ պահպանվող տարածքների ձևավորումը և պահպանությունը: «Սա ինքնանպատակ պարտավորություն չէ, որը դրված է պետությունների առջև, այլ նախ տվյալ պետության և միջազգային հանրության գիտակցումն է այն բանի, որ եթե շրջակա միջավայրի պատշաճ պաշտպանություն չլինի, մարդկությունն ապագա չի կարող ունենալ»,- նշեց Մինասյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ներքո կառավարվում է շուրջ 13.1 տոկոս կազմող տարածք, ինչը թեև առաջընթաց է՝ մի շարք երկրների հետ համեմատած, սակայն բավարար չէ: Նախարարն այն կարծիքին է, որ հարկավոր է ընդլայնել այդ տարածքները և ավելի կանոնավոր դարձնել պահպանության համակարգը: «Սա նաև նշանակում է, որ մենք մեր ռազմավարությանը համապատասխան բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նոր ծրագրեր պետք է իրականացնենք»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ մասնավոր կազմակերպություններ և անհատներ ևս ցանկություն են հայտնել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման աշխատանքներում:

Տպել Տպել