ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ Ադրբեջանի մի շարք փաստարկներ չեզոքացվեցին

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություններ է տալիս ԵՄ-ի հետ խորացնել նաև տնտեսական հարաբերությունները: Միաժամանակ, նա Tert.am-ի հետ զրույցում համաձայնեց այն տեսակետի հետ, որ շրջանակային համաձայնագրում տնտեսական հատվածը՝ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ համեմատած, ավելի քիչ է: Ռուստամյանը գտնում է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի լավ իրացնել GSP+ համակարգը:

Դիտարկմանը, թե ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության ժամանակ էլ էին պնդում, որ տնտեսվարողների համար նոր շուկա է բացվելու, սակայն այս հարցում խնդիրներ կան, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Խնդիրները մենք մեր մեջ պետք է փնտրենք, ի՞նչ կապ ունի այս կամ այն միություն: Մենք ձեռք ենք բերել հնարավորություն օգտագործելու ԵԱՏՄ շուկան, մենք ենք մեղավոր, որ չենք կարողացել այդ նոր իրավիճակին համապատասխանեցնել մեր տնտեսությունը: Չկա մի միություն, որի մեջ մտնես ու նոր հնարավորություններ չունենաս, չկա մի միություն, որի մեջ մտնես ու քո անկախությունից ինչ-որ բաներ չսահմանափակվեն, աշխարհում նման բան չկա: Այս ամենը նկատի ունենալով՝ դու պետք է օգտվես այն դրականից, որ կա, իսկ առկա բացասականն էլ չեզոքացնես, ինչն էլ Հայաստանն անում է: Կարծում եմ՝ ՀՀ-ն ԵՄ-ի հետ կկարողանան խորացնել նաև տնտեսական համագործակցությունը»:

Արմեն Ռուստամյանը նկատեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանի հակառակորդի՝ Ադրբեջանի, մի շարք փաստարկներ չեզոքացվեցին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը մի շարք քայլեր է ձեռնարկել, որպեսզի տապալի այս գործընթացը:

«Մեր ամենագլխավոր հակառակորդի՝ Ադրբեջանի հիմնական հաղթաթուղթը եղել է այն, որ իրենք իրենց փորձել են ներկայացնել, որպես ինքնուրույն որոշումներ կայացնող պետություն, իսկ ՀՀ-ին միշտ ներկայացրել է կցորդ ՌԴ-ին: ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կնքելուց հետո Ադրբեջանի այդ փաստարկները չեզոքանում են: Սրա համար էլ Ադրբեջանը ոտ ու ձեռ է ընկել, որ այդ պայմանագիրը չստորագրվի, սրա դեմ լուրջ աշխատանք է տարվել»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորը նկատեց, որ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որի մեջ տնտեսական հատվածն ավելի խոշոր էր, չի ստորագրվել ոչ թե ՀՀ-ի, այլ ԵՄ-ի պատճառով: Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ն առաջացրեց «կամ, կամ»-ի վիճակն, ինչի արդյունքում էլ ՀՀ-ն ընտրեց իր համար կենսական նշանակություն ունեցող «կամ»-ը՝ տնտեսական հարաբերությունները խորացնելով ԵԱՏՄ-անդամ երկրների հետ:

Տպել Տպել