Խորհրդարանում շարունակվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով` այս օրենքի հետ կապված քննարկումների բնույթը վկայեց, որ մեր հասարակության մեջ ունենք լրջագույն խնդիրներ, որոնք ըստ պատգամավորի` քաղաքակրթական հարց են և աղավաղված պատկերացում ունեն մեր ազգային ավանդական ընտանիքի վերաբերյալ:
«Մենք ժողովուրդ ենք, որը քաղաքակրթական արժեքների սկզբնավորողներից մեկն ենք եղել, բայց ցավոք, պետականության բացակայությունը, միջավայրի պարտադրված ազդեցությունը աղավաղել է մեր բուն մտածողությունը: Ցավում եմ, որ մենք ունենք այս վիճակը` խոսքը պսեվդոազգային, պսեվդոավանդական պատկերացումների մասին է: Հայկական ընտանիքը փոխադարձ վստահության վրա հիմնված` առանց բռնությունների ընտանիքն է և ընտանեկան բռնության կանխարգելումը կամ դրա փորձը բխում է մրեր ազգային հայկական մտածողությունից»,- ասաց Վարդանյանը :
Վարդանյանը նշեց, որ այնուամենայնիվ, ընտանեկան բռնության վերաբերյալ առկա գնահատականները և վիճակագրությունը որոշակի մտահոգության պատճառ ներկայացնում են և օրենքի նախագիծը հիմնված է տուժողի անվտանգության և աջակցության ապահովման սկզբունքների վրա: Ըստ պատգամավորի` սա այն նվազագույնն է, որ պետությունը պարտավոր է անել իբրև սկիզբ:
«Լրամշակված նախագծում շատ հասկացություններ ու դրույթներ հստակեցվել են, հատկանշական է, որ երեխայի շահերի առաջնահերթւոթյունը և ընտանիքի` որպես հասարակության բնական և հիմնական բջջի աջակցությունը սահմանված են որպես նախագծի սկզբունքներ»,- եզրափակեց պատգամավորը:
yerkir.am