Ստորև ներկայացնում ենք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության առաջարկները 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ.
ԱՀ ամբողջ բնակավայրերի համաչափ զարգացում ապահովելու նպատակով զինծառայողների համար բնակարաններ կառուցել իրենց իսկ բնակավայրերում:
«Պետական աջակցություն Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամին» ծրագրով նախատեսված է գյուղական կամ քաղաքային (բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների) բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով տրամադրվող 3մլն. դրամը հատկացնել նաև նախանշված ընտանիքների կողմից բնակելի տներ ձեռք բերելու համար:
«Վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրի մեջ ներառել նաև Արցախի Հանրապետության բոլոր գյուղական բնակավայրերը:
«Բնապահպանություն և բնօգտագործում» բաժնում (էջ 15) ավելացնել հետևյալ միտքը՝ գետերի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և հավանական էներգետիկ ներուժի հայտնաբերման կամ էլ բացառման նպատակով կազմակերպել փորձաքննություն: Այդ նպատակով բյուջեից հատկացնել համապատասխան գումար:
Տուրիզմը համարել տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, մշակել այդ ոլորտի զարգացման հայեցակարգ, միջնաժամկետ համապարփակ ծրագիր և դրան նպատակաուղղել համապատասխան գումար:
Բազմազավակության խթանման համար բյուջեով նախատեսված նպաստի տրամադրումը սկսել ոչ թե չորրորդ, այլ երրորդ երեխայից:
«ԱՀ-ում ծնելիության խթանման» ծրագրի շրջանակներում չաշխատող և նվազագույն աշխատավարձ ստացող կանանց հղիության հաշվառման պահից մինչև հետծննդյան երրորդ ամիսը ներառյալ, նշանակել հատուկ նպաստ՝համապատասխան սննդակարգ ունենալու համար :
Առաջարկում ենք լիովին գազաֆիկացնել այն բնակավայրերը, որոնք նախկինում ներառված են եղել այդ ծրագրերի մեջ, բայց որոշ թաղամասեր դրանցից դուրս են մնացել: Հաշվի առնելով այդ խնդրի հրատապությունը՝ առաջարկում ենք գազաֆիկացման աշխատանքներ իրականացնել Մարտունի և Բերձոր քաղաքների այն թաղամասերում, որոնք զրկված են գազամատակարարումից:
Կրթության ոլորտի նախադպրոցական կրթության բաժնով ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի «Սոսե» մանկապարտեզներին ցուցաբերվող պետական աջակցության 45.2 մլն. դրամ գումարին ավելացնել ևս 22.0 մլն դրամ՝ «Սոսե» մանկապարտեզների ցանցի աշխատավարձերի ֆոնդը համալրելու նպատակով:
Նկատի առնելով ամառային ամիսներին ՀՅԴ սփյուռքի կառույցների երիտասարդական միությունների նախաձեռնությամբ Արցախի տարբեր շրջաններում կազմակերպվող ամառային ճամբարները, ՀՅԴ Արցախի կառույցին հավելյալ տրամադրել 3.0 մլն դրամ գումար՝ վերոնշյալ ճամբարները առավել պատշաճ և նպատակային կազմակերպելու համար (այդ ճամբարներում տարեկան ներգրավվում են 1000-ից ավելի 10-15 տարեկան արցախցի պատանիներ):
Հայոց պետականության վերականգնման և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով առանձին տողով 2018 թ. բյուջեում նախատեսել համապատասխան գումար:
Մշակույթի ոլորտում նախատեսված «Մուրացանի հիշատակի օրվա միջոցառումներ» ձևակերպումը փոխել «Հոբելյանական միջոցառումներ» անվամբ:
Սոցիալական ոլորտում առանձին տողով համապատասխան գումարներ հատկացնել փախստականներին բնակարանների ձեռքբերման համար: Բյուջեով համապատասխան միջոցներ հատկացնել փախստականների բնակարանային խնդիրը վերջնականապես լուծելու համար:
ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցություն
5 դեկտեմբերի, 2017թ.
aparaj.am