Հաջորդ տարվանից ֆինանսավորվելու են համայնքներից եկած ու արդյունք ապահովող ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության առաջնահերթ խնդիրը 2018-ից սկսած մեծ արագությամբ համայնքներում ենթակառուցվածքային հարցերին լուծումն տալն ու ծայրամասերում բիզնես ծրագրերի իրագործումն է: Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Դավիթ Լոքյանը: «Չի լինի տնտեսական զարգացում, եթե մենք չլուծենք համայնքի ենթակառուցվածքների խնդիրը՝ ճանապարհ-լույս-գազ-ջուր և այլն: Պետությունն այսօր տարբեր միջազգային կազմակերպություններից և իր բյուջեից հսկայածավալ գումարներ է ուղղում մարզեր՝ համայնքներ, բայց քանի որ թիրախավորված չեն խնդիրները, հստակեցված չի տարբեր գերատեսչությունների գործունեությունը, չենք կարողանում արդյունքը տեսնել»,-ասաց նախարար Լոքյանը:

Նրա խոսքով` տարածքների համաչափ զարգացման նորաստեղծված պետական խորհուրդը, որ ղեկավարելու է ՀՀ վարչապետը, բոլոր միջոցներն ուղղելու է որոշակի տարածքներ հստակ ծրագրերի իրագործման համար, ինչը թույլ կտա արձանագրել արդյունք: «Եթե մենք քայլ առ քայլ տնտեսական էլեմենտը տեղափոխենք համայնք և տնտեսական միտք կծնվի հենց այնտեղ, պետությունը ֆինանսավորման հարցում կօգնի և համոզված եղեք մենք արդյունք կունենանք»,-հավելեց Դավիթ Լոքյանը:

Նախարարը նկատեց, որ այլևս չի լինելու «հրատապ ծրագիր» կոչվածը, որով համայնքներին տրամադրվում էր հինգ միլիարդ դրամ, այլ հաջորդ տարվանից հենց համայնքից եկած, քվեարկության արդյունքում հաղթած, արդյունք ապահովող ծրագրերն են ֆինանսավորվելու:

armenpress.am

Քանի դեռ լուծված չէ համայնքի ենթակառուցվածքի խնդիրը, տնտեսական զարգացում չի լինի

Վերջին մի քանի ամիսներին անցկացրած ստուգումները ցույց են տվել՝ մարզերում կան շուրջ 4500 հեկտար նոր այգիներ, որոնք կադաստրային գրանցում չունեն: Այս մասին դեկտեմբերի 9-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարի խոսքով՝ իրականում պարզվում է՝ այդպիսի այգիներ չունենք, մինչդեռ այգին կա, բավական շատ բերք է տալիս, և դա հսկա ՀՆԱ է, որը երկրի համար խիստ կարևոր ցուցանիշ է վարկեր ներգրավելու, դրամաշնորհներ ստանալու համար:
«Համայնքներում մենք հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտման կարիք ունենք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մենք լուրջ բացթողումներ ունենք այդ բազաններում, որի արդյունքում, մեր համայնքերի բյուջեները պակաս մուտքեր են ունենում: Սա խանգարում է նաև ճշգրիտ ՀՆԱ-ի գրանցմանը և երկրի ընդհանուր ՀՆԱ ծավալների ապահովմանը», – նշեց նախարարը:

Լոքյանը կարևորեց համայնքների տնտեսական զարգացման գործընթացը: Նախարարի փոխանցմամբ՝ համայնքները պնդում էին, որ անցնեն «ավելին՝ ավելիին» տրամաբանությանը, այն է՝ եթե համայնքը ջանք է թափում և նախորդ տարվա կամ իր սահմանած պլանի համեմատ ավել է հավաքագրում հիսուն միլիոն դրամ, պետությունն այստեղ մասնակցի և կրկնապատկի այդ գումարը, որպեսզի համայնքային ենթակառուցվածքների խնդիր լուծվի: Նախարարի խոսքով՝ քանի դեռ լուծված չէ համայնքի ենթակառուցվածքների խնդիրը՝ ճանապարհ-լույս-գազ-ջուր և այլն, տնտեսական զարգացում չի լինի:

«Մեզ համար թիվ մեկ խնդիրը, 2018-ից սկսած, դառնում է մեծ արագությամբ այս խնդիրների լուծումը և բիզնեսի մոտեցումը ծայրամասեր, որպեսզի մենք ունենանք տարածքային համաչափության էլեմենտ»,- ասաց նա:

Լոքյանի խոսքով՝ պետությունն այսօր տարբեր միջազգային կազմակերպություններից և իր բյուջեից հսկայածավալ գումար է ուղղում համայնքներին, բայց քանի որ թիրախավորված չեն խնդիրները, հստակեցված չէ տարբեր գերատեսչությունների գործունեությունը, որ տվյալ տարածքում պետք է իրականացվի, և չկան հստակ գյուղատնտեսական, բնակարանաշինական, ոռոգման և ՓՄՁ-ի ծրագրեր, որպեսզի մեկ տարի հետո տվյալ տարածքում համախառն արդյունքի աճ գրանցվի, ցրված տարածքով անհնար է լինում այդ ամենը տեսնել: Նորաստեղծ պետական «Տարածքների համաչափ զարգացման խորհուրդ»-ը, որ ղեկավարելու է վարչապետը, բոլոր միջոցներն ուղղելու է որոշակի տարածքներ, որի շնորհիվ արդյունք է լինելու:

«Կա՞ն այդ միջոցները՝ կան: Տեսեք՝ մենք շուրջ հինգ միլիոն դոլարի ծրագիր ունենք Տավուշի մարզի 40 համայնքներում, ես կխնդրեի՝ այդ մարզի ղեկավարի կամ համայնքապետերի հետ քննարկեք, թե ինչեր են ստեղծել»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ հարյուրին հասնող ջերմատներ են կառուցել, ինը տնայնագործական գինու արտադրության սարքավորումներ են տրամադրվել, հիսուն հեկտարի չափով նոր այգիներ են հիմնվել՝ հիմնականում արքայանարնջի, թզի, այնպիսի այգիներ, որոնք տվյալ տարածքի համար եզակի են, կաթիլային ոռոգման համակարգերով տնտեսություններ, ինը սառնարանային տնտեսություններ են հիմնվել փոքր համայնքների համար, որպեսզի անտառային բարիքները հավաքվեն և ընդհանուր վաճառվեն: Այս ծրագրերից յուրաքանչյուրն, ըստ Լոքյանի, շատ մեծ գումար չարժե, բայց եթե ծրագիրը հստակ է, չափելի և արդյունքները կարող ենք տեսնել:

Խոսելով համայնքներից հնչող դժգոհությունների մասին՝ նախարարը նշեց, որ դժգոհություններ միշտ լինելու են, սխալներ միշտ կան, օրինակ, ենթադրենք՝ ինչ-որ ծրագրով քաղաքացին ստացել է ջերմոց, արդեն աշխատում է, արդյունքները ֆիքսել է, հաջորդ ծրագրով իրենք փորձում են հավասարությունը պահել և տվյալ ընտանիքին չտրամադրել գումար, սա սխալ է: Ըստ նախարարի՝ եթե տվյալ ընտանիքը աշխատող է, առաջին վճարումն անում է՝ 200 հազար դրամի չափով, և իրենք արդյունք են տեսնում, այդպիսի խոչընդոտ պետք է չդնեն:

«Եթե մենք տնտեսական էլեմենտը կտեղափոխենք համայնք, տնտեսական միտքը կծնվի համայնքում, ծրագիրն այնտեղից կբարձրանա, և պետությունը նրան ֆինանսավորման հարցում կօգնի, համոզված եղեք՝ մենք արդյունք կունենանք: Մենք ամեն տարի համայնքներին հատկացնում ենք շուրջ հինգ միլիարդ դրամի ֆինանսավորում, դրա անունը մենք դրել ենք հրատապ ծրագիր, այդպիսի բան այլևս չի լինելու. մենք հաջորդ տարի ներքևից եկած, քվեարկված, արդյունք ապահովող, չափանիշ ունեցող ծրագրերն ենք ֆինանսավորելու, և այդ գումարները տրամադրելու ենք ուղիղ տվյալ համայնքի ծրագրի իրականացմանը»,- ասաց նա:

panorama.am

Տպել Տպել