Թանկացումներն ազդեցություն են ունենում բոլորի վրա

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, ԱԺ-ն երեկ ընդունեց գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը՝ ՀՀ պետական բյուջեն, որում չի երևում երկրում աղքատության նվազեցման որևէ միտում՝ թոշակները չեն բարձրացվում, նպաստները չեն ավելացվում, նվազագույն աշխատավարձն էլ մնում է նույնը։ Ձեր կարծիքով՝ այս առումով ի՞նչ է սպասվում հաջորդ տարի։

– Նախ՝ սա առաջին տարին չէ, որ բյուջեում նման ծախսերի ավելացում նախատեսված չէ։ Եկեք սա արձանագրենք և չկապենք ուղղակի այս բյուջեի հետ։ Մենք ունենք 2 ճանապարհ՝ առկա սուղ միջոցներով սոցիալական ծախսերն ավելացնել, և, թվում է, թե առաջին հայացքից՝ հասարակության որոշ իրապես դժվար վիճակում հայտնված սոցիալական շերտերին բավարարություն տալ, բայց դա կդառնա հետագայում անընդհատ խնդիր, եթե մենք չենք կարողանում տնտեսությունը զարգացնել, չենք կարողանում հավելյալ արժեք ստեղծել, չենք կարողանում աշխատատեղ ստեղծել, ի վերջո, այս բեռը պետությունը չի կարող կրել։ Նույնիսկ ամենաճգնաժամային վերջին տարիներին, երբ իսկապես մենք պրոբլեմ ունեինք, սոցիալական ծախսերը մեր երկիրը կարողացավ չկրճատել, թեև շատ երկրներ գնացին նաև այդ ճանապարհով։

– Փոխարենը՝ պարտքն ավելացրեց։

– Պարտքն ավելացրեց։ Բայց եթե նրանք մտածում են, որ պետք է շարունակենք նույն կերպ պարտք ավելացնել և սոցիալական ծախսեր անել, ապա դա հեռանկար չունեցող քաղաքականություն կլինի։ Այսօրվա կառավարության որդեգրած քաղաքականությունը հետևյալն է՝ տնտեսությունը զարգացնելու, եկամուտ ավելացնելու հիմքեր ստեղծել, որպեսզի նաև հետագայում հնարավորություն լինի սոցիալական ծախսերը մեծացնել։ Եվ, կարծում եմ, որոշակի ժամանակահատվածի համար սա շատ ճիշտ քաղաքականություն է։

– Բայց տարիներ շարունակ նույն պատճառաբանությունն է բերվում, նույն խոսքերն են ասվում, որ ստեղծվում են հիմքեր տնտեսությունը զարգացնելու, որը թույլ կտա ավելացնել թոշակներն ու այլ ծախսերը։

– Ես անկեղծորեն կարող եմ ասել, որ նախորդ կառավարություններից ամեն մեկը դժվար վիճակում է եղել և փորձել է հնարավորն անել։ Այս կառավարության աշխատանքը, ուղղությունը, որդեգրած սկզբունքները որակապես և էապես տարբերվում են նախորդ կառավարությունների գործունեությունից։

Բայց միևնույն է, սա ևս ժամանակ է պահանջում, և անհրաժեշտ է իսկապես այս ուղղությամբ առաջ գնալ ու արմատական փոփոխություններ կատարել, բարեփոխումներ իրականացնել, որպեսզի այդ հիմքերը ստեղծվեն, մեծանան պետական եկամուտները, բյուջեն, որպեսզի հնարավոր լինի մեր բազմաթիվ խնդիրներին զուգահեռ՝ նաև սոցիալական խնդիրներին անդրադառնալ։

– Օրերս հրապարակվեց աղքատության ցուցանիշը՝ 29.4%, որը տևական ժամանակ բավականին կայուն նույն մակարդակի վրա է պահվում։ Այդ «կայունությունը» դեռ երկա՞ր կշարունակվի, թե՞ հնարավոր կլինի կրճատել, և ե՞րբ։

– Նախ՝ մի բան արձանագրենք՝ հրապարակված ցուցանիշը վերաբերում է 2016 թ.։ Եվ այդ ցուցանիշը, թեկուզ շատ փոքր, աննշան՝ 0.4%, բայց նվազել է։ Սա չնչին բան է, բայց եկեք սա էլ արձանագրենք։ Եվ սա 2016 թ. մասին է։ Ընդհանրապես, աղքատության ցուցանիշը, մի մոռացեք, մի ժամանակ 54-56% էր, եկավ մի շրջան, որ հասանք 22-23%-ի, բայց 2009 թ. ճգնաժամից հետո ավելի կտրուկ անկում գրանցվեց։ Այստեղ հիմնական խնդիրն է, որն այս կառավարության օրակարգային հարցերից մեկն է՝ ունենալ իրական հաշվառում պետության մեջ, նաև իրական եկամուտների հաշվառում։

Մի կողմից, իհարկե, շատ օբյեկտիվ, ասվում է, որ իրական աղքատությունը կարող է ավելի մեծ լինել, քան վիճակագրական տվյալներն են, բայց մյուս կողմից էլ, ես համոզված եմ, որ մեծ է և՛ թաքնված զբաղվածությունը, և՛ եկամուտների ոչ ամբողջական հաշվառումը։ Այսինքն՝ կա նաև հակառակ կողմը։ Ես չգիտեմ՝ այստեղ բալանսը որտեղ կկանգնի։

Իրական պատկերն ունենալն իսկապես թիրախային է։ Եվ այս կառավարության քաղաքականություններից մեկն էլ նա է, որ իսկապես հասցեական լինի այդ աջակցությունը, իսկապես հասնի նրան, ով իրոք դրա կարիքն ունի, ով իրոք չի կարող սեփական աշխատանքով ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը։ Սա այս քաղաքականության այն հիմնական ուղղությունն է, որի մասին մենք պետք է խոսենք։

– Իսկ այդ աննշան 0.4%-ն ինչի՞ արդյունք է՝ արտագաղթի՞։

– Նորից եմ կրկնում՝ սա 2016 թ. ցուցանիշներն են։ Ես ենթադրում եմ, որ դրական որոշ փոփոխություն կլինի նաև 2017-ին։ Չեմ կարծում, թե սա արտագաղթի հետ կապ ունի, որովհետև գոնե վերջին տարիներին արտագաղթում են նաև բարեկեցիկ, միջին եկամուտներ ունեցող մարդիկ, և ամենաաղքատները չէ, որ արտագաղթում են։

– Արտագաղթելու համար էլ է փող հարկավոր։

– Միայն փողի խնդիրը չի։ Մենք ունենք Հայաստանում 7400 ընտանիք, որ ունեն 4 և ավելի երեխաներ, և նրանց 90%-ն աղքատ ընտանիքներ են։ Սա՝ մի փաստարկ։ Երկրորդ՝ աղքատ՝ չի նշանակում՝ նաև արժեքներից, բարոյականությունից դուրս, և նրանցից շատերը, ես վստահ եմ, ավելի են կապված իրենց հող ու ջրին, իրենց երկրին, քան շատ ու շատ հարուստներ։

– Ձեր իշխանական գործընկեր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասել է, թե թանկացումները չեն վնասում աղքատներին, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն և առևտուր չեն անում։ Համամի՞տ եք այդ մտքին։

– Թանկացումներն ազդեցություն են ունենում բոլորի վրա, անկախ նրանից՝ աղքատ է, թե միջին խավ։

168.am

Տպել Տպել