Վճարողը մենք ենք եղել, դրա համար անհրաժեշտ է, որ զգոն լինենք

«Թրամփի կեցվածքի մեջ կա հակասականություն, ինչը՝ զարմանալի չէ։ Հակասականությունն այն է, որ այս ձևով են փորձում նպաստել խաղաղության հաստատմանը։ Երկու-երեք կետ կա, որ պետք է ոչ ուղղակիորեն վերցնենք իր ասածից, այլ ընդհանուր մոտեցումը նկատի ունենանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ուշագրավ է այն հանգամանքը, որ Թրամփը նշում է, որ 20 տարուց ավելի նույն բանաձևով հնարավոր չէ տեղ հասնել։ «Ուրեմն իրավիճակի մեջ փոփոխություն մտցնելու համար այս քայլին է գնում։ Երկրորդ, ասում է՝ ամերիկյան արտաքին քաղաքականությունը հիմնված էսկզբունքային իրատեսության վրա։ Այսինքն՝ ինչ-որ սկզբունքներ կան, բայց կա նաև իրատեսության հարց։ Խոսքն այս դեպքում Երուսաղեմին չի վերաբերում, բայց Արցախի հարցով մենք պետք է բարձրաձայնենք՝ չի կարելի, որայսքան տարի Արցախի հարցում բանակցություններ լինեն, Ադրբեջանը համառի, պատանդ պահի բանակցությունները, իսկ միջազգային համայնքն այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի՝ այնպես, ինչպես Կոսովոյի հարցում»,-ասաց Մանոյանը։

Մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ փորձեր է անում ներգրավվել նաև Թուրքիան, Կիրո Մանոյանն արձագանքեց. «Թուրքիան միշտ փորձել է ներգրավվել, բայց եթե փոփոխություն կա ինչ-որ մեկի կեցվածքի մեջ՝ ես կասեի Ռուսաստանի, որ, այսպես ասած, «տոն չի տվել» Թուրքիայի ասածներին։ Եթե սրանից առաջ եղել է, որ Ռուսաստանն ասել է, որ կարելի է նաև ձեր հետ քննարկել, հիմա այդպես չի ասում։ Բայց Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը մեզ համար պետք է զգոնության ազդանշան լինի, այժմ խիստ մտահոգվելու պատճառ չունենք, բայց եթե հարաբերություններն այսպես զարգանան ու, ի վերջո, դառնան ռազմաքաղաքական դաշնակցային՝ դա կդառնա նաև մտահոգիչ մեզ համար»։

Արդյոք այդ դեպքում պետք է վերանայենք նաև հայ-ռուսական հարաբերությունները, հարցին ի պատասխան, Մանոյանն ասաց. «Նայած թե Ռուսաստանը ինչ կեցվածք կունենա։ Մենք պետք է զգոն լինենք, հաճախ ասում են՝ պատմությունը կրկնվում է։ Ես շատ հակված չեմ մտածել, որ նույնությամբ ամեն ինչ կրկնվում է, բայց գոնե պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ Ռուաստանն ու Թուրքիան սերտ հարաբերություններ են ունենում՝ վճարողը մենք ենք եղել, դրա համար անհրաժեշտ է, որ զգոն լինենք։ Զգոն լինել՝ չի նշանակում Ռուսաստանի փեշերից քաշել, այլ մենք պետք է հնարավորինս կարողանանք մեր սեփական ոտքերի վրա կանգնելով մեր հարցերը լուծել»,- ընդգծեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տպել Տպել