ԿԳ նախարարն ընդունել է Հայկազյան համալսարանի նախագահին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին և նրան ուղեկցող Բեյրութի հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Տագեսյանին:

Ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Բեյրութի Հայկազյան համալսարանը հայկական սփյուռքում այն բացառիկ կրթական կենտրոններից է, որը ոչ միայն ծանրակշիռ ներդրում ունի հայագիտության պահպանման գործում, այլ մշտապես առանձնացել է որակյալ համալսարանական կրթության ապահովմամբ: Նախարար Մկրտչյանն ընդգծել է այն հանգամանքը, որ համալսարանը լուրջ դերակատարություն ունի Լիբանանի բարձրագույն կրթության համակարգում: ԿԳ նախարարը կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում նախատեսվող հայագիտական դպրոցի հիմնադրման աշխատանքներում սփյուռքի ներգրավմանը:

Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև կրթության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ մասնավորապես շեշտելով հանրային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող արմատական փոփոխությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկազյան համալսարանի նախագահն իր հերթին կարևորել է հայաստանյան կրթական և գիտական հաստատությունների ու Հայկազյան համալսարանի միջև համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Փոլ Հայդոսթյանը նշել է, որ սփյուռքում հետևում են Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին և պատրաստակամ են իրենց փորձն ու գիտելիքները ի նպաստ բերել ոչ միայն հայագիտական կրթական կենտրոնի հիմնադրմանը, այլ առհասարակ բարձրագույն կրթության բարեփոխումներին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:

edu.am

Տպել Տպել