2018 թվականին Եվրոպական միության ծրագրերի վեկտորն ուղղվելու է Շիրակի մարզ

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 16-ին ընդունեց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին Արթուր Խաչատրյանը նշեց, որ կարևորում է Եվրոպական միության հետ համագործակցությունը. «Մենք միշտ պատրաստ ու բաց ենք համագործակցության ցանկացած բնագավառում, լինի դա տնտեսական, թե ժողովրդավարության հարցերում, և ընդհանրապես, ցանկացած ծրագիր: Մենք ուրախ ենք, որ ձեր աշխատանքային վեկտորն ուղղվելու է Շիրակի մարզ, ինչը կհանգեցնի տնտեսական տեղաշարժի ու ակտիվացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման»:

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար. «2017 թվականը մեզ համար ձեռքբերումների տարի էր, պարոն մարզպետ, ուրախությամբ վստահեցնում եմ, որ 2018 թվականն էլ լինելու է նախաձեռնությունների տարի, հատկապես, Շիրակի մարզում»:

Մարզպետի հետ հանդիպումից հետո Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը մամուլի ճեպազրույց անցկացրեց` նվիրված Շիրակի մարզում մշակույթի և ստեղծարար ոլորտներում իրականացվելիք նոր ծրագրերին: Ճեպազրույցին դեսպան Սվիտալսկին ԶԼՄ-ների հետ զրույցում անդրադարձավ նոր ծրագրերին, որոնք հաջորդ տարվա սկզբին կհաստատվեն և կիրականացվեն մարզում: Մասնավորապես, դեսպանը խոսեց Ամասիայում բրդի վերամշակման ծրագրից, որը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու մարզի հյուսիսում տնտեսական տեղաշարժին: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ լրագրողների հետ զրույցում ուրախությամբ փաստեց, որ այդ ծրագիրը կարող է բրդի մշակումից զատ նպաստել գորգագործության ավանդույթների վերականգնմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի գյուղատնտեսության զարգացմանը:

Ավելի ուշ Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի դահլճում տեղի ունեցավ «էլ ավելի սերտ միություն՝ հնչյունների ներքո» խորագրով դասական երաժշտության համերգ՝ Հռոմի համաձայնագրերի 60-ամյակի կապակցությամբ: Համերգի նախաձեռնողները՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն էր՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ: Ծրագրում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային մենահամերգը և Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի ելույթը:

shirak.mtad

Տպել Տպել