Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանում Գյոթեի կենտրոնի բացմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանում Գյոթեի կենտրոնի բացմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, գիտության, մշակույթի գործիչներ, մտավորականներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը բացման խոսքում վստահություն է հայտնել, որ «Գյոթե կենտրոնի» բացումից հետո հայ-գերմանական կրթամշակութային համագործակցությունը նոր թափ կստանա. «Գյոթեի կենտրոնի բացումը մեզ համար սպասված էր: Գերմանիայի քաղաքակրթական ներկայությունը Հայաստանում շատ հստակ է, և մենք լայնորեն օգտվում ենք համագործակցության այս ուղղությունից։ Այդ ամենի վկան այն երեխաներն են, ովքեր դպրոցներում ուսանում են գերմաներեն: «Գյոթե կենտրոնը» գերմաներեն սովորող երեխաների համար հաճելի նվեր է, որը նրանց հնարավորություն կտա կատարելագործել իրենց գիտելիքները՝ մասնակից դառնալով կենտրոնի կողմից առաջարկվող նոր ծրագրերին: Մենք կարևորում ենք գերմաներենի տարածումը և զարգացումը, քանի որ ի դեմս Գերմանիայի Հայաստանն ունի մեծ բարեկամ»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ խորհրդային տարիների գերմաներենի ուսուցման ավանդույթները պետք է պահպանվեն և նոր մակարդակ ստանան:

Բացման արարողությանը ներկա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ կենտրոնի բացումն ավելի լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման համար. «Գյոթեն Արարատը համարում էր մարդկության բնօրրաներից մեկը և խորհրդանշական է, որ այսօր Գյոթեի անունը կրող մշակութային այս օջախը հանգրվանում է Արարատի ստորոտին։

Համոզված եմ, որ այս կենտրոնի բացումը էականորեն կհարստացնի Երևանում միջազգային գիտակրթական, մշակութային կենտրոնների գործունեությունը։ Կենտրոնի բացումն էլ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման, գերմաներենի և գերմանական մշակույթի տարածման, կրթական փոխանակումների և միջմշակութային երկխոսության խորացման համար։ Այս կենտրոնը հիմք է հանդիսանում հետագայում Գյոթեի անվան լիարժեք ինստիտուտի բացման համար:»,- ընդգծել է ԱԳ նախարարը։

Միջոցառմանը մասնակից Գյոթե ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանը, ով առաջին անգամ Հայաստանում եղել է 2017 թվականի հունիսին և տպավորված էր Հայաստանով, նշել է, որ Երևանում Գյոթե կենտրոնի գործունեությունը Բունդեսթագի որոշմամբ ֆինանսավորվում է ԳԴՀ կառավարության կողմից. «Գյոթե ինստիտուտի նպատակն է ավելի հասանելի դարձնել Գերմանիայի մշակույթն ու լեզուն, ինչով մենք զբաղվում ենք մոտ 100 երկրում եղած 159 ինստիտուտների միջոցով։ Հայաստանում ևս կան դպրոցներ, որտեղ ուսուցանվում է գերմաներեն: Դրանցից երկուսը Գյոթե ինստիտուտի հոգածության ներքո են գտնվում»,- նշել է Գյոթե ինստիտուտի նախագահը։

Հավելենք, որ նորաբաց Գյոթե կենտրոնը մեկ հարկի տակ է միավորել գերմանական մշակութային նախաձեռնությունները. գերմանական ընթերցասրահը, արդեն 6 տարի գործող գերմաներենի ուսուցման կենտրոնը։ Գյոթեի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է «Երևան՝ իղձերի մայրաքաղաք» ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսը Local Modernity’s տարածաշրջանային նախագծի ստարտափներից մեկն է՝ նվիրված 20-րդ դարում հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանը և ուրբանիզացիային ու դրանց վրա գերմանական և եվրոպական ազդեցությանը։

edu.am

Տպել Տպել