Գյումրիում բացվեց գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մասնաճյուղ

Դեկտեմբերի 20-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը` ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի գլխավորությամբ: Մարզպետ Խաչատրյանը ողջունելով հյուրերին նշեց, որ կարևորում է հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդումը. «Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին սերտ կապեր է ունեցել ռուս ժողովրդի հետ, բարեկամությունն այժմ էլ շարունակվում է: Ռուսական ներկայությունը մեր քաղաքում միշտ զգացվել է, մենք հատկապես շնորհակալ ենք ռուս ժողովրդից 88-ի աղետից հետո նրա աջակցության ու կարեկցանքի համար: Ես կարևորում եմ նաև ռուսական բազայի գործունեությունը, որը տնտեսական կարևորություն ունի մարզի համար: Մենք բաց ենք համագործակցության համար, պարոն դեսպան, պատրաստ ենք ցանկացած բնագավառում միասին աշխատելու և գործընկերության»:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն էլ շնորհակալություն հայնտեց Շիրակի մարզպետին ջերմ ընդունելության համար. «Պարոն մարզպետ, շնորհակալ եմ լավ վերաբերմունքի համար, ես ինձ Գյումրիում հյուր չեմ զգում, արդեն չորս տարի է Հայաստանում եմ և հաճախ եմ այստեղ այցելել: Գյումրին կարևոր քաղաք է մեզ համար ինչպես պատմական առումով, այնպես էլ ներկա համագործակցության»:

Հանդիպումից հետո կողմերը մասնակցեցին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մասնաճյուղի բացմանը Գյումրիում: Ժապավենը կտրելու պատիվն ընձեռվեց ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկին և ՌԴ «Ռոսսոոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Ֆրոլովին:

Ելույթ ունենալով բացման արարողությանը` ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ընդգծեց կենտրոնի բացման կարևորությունը, որը Հայաստանի քաղաքացիներին կօգնի ավելի լավ ճանաչելու Ռուսաստանը, նրա մշակույթը, ևս մեկ կամուրջ կծառայի գիտության եւ մշակույթի ոլորտում համագործակցության համար: Իր հերթին Շիրակի մարզպետը հույս հայտնեց, որ կենտրոնը կնպաստի մշակութային, կրթական, գիտատեխնիկական եւ տեղեկատվական կապերի խորացմանը:

shirak.mtad

Տպել Տպել