2018-ի հիմնական խնդիրը լինելու է մարզում տուրիզմի զարգացումը

2017 թվականին Շիրակի մարզում իրականացված աշխատանքների, 2018 թվականի ծրագրերի իրականացման և այլ հարցերի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ։

Խոսելով ԱԺ ամբիոնից Շիրակի մարզից պատգամավորների հնչեցրած դիտարկումների մասին, թե մարզին քիչ գումար է տրվում, մարզպետն ասաց. «Համայնքին տրամադրվող գումարը որոշվում է ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին օրենքով: Դոտացիաներ վճարելու հիմնական գործոններն են՝ բնակիչների թիվը, տարիքային կազմը։ Հիմա մի քիչ ավելի է բարդացվել օրենքը, հաշվի է առնվում նաև հեռավորությունը մարզկենտրոնից, Երևանից։ Այսինքն` մեկ շնչին բաժին ընկնող գումարը բխում է սեփական եկամուտների մակարդակից, որոշվում այդ գործոններով»։

Ըստ Խաչատրյանի` գումարը մարզին չի տրվում, այլ` համայնքներին։ «Չկա «մարզային բյուջե» հասկացություն, կա համայնքային բյուջե»,- ասաց նա։

Մարզպետը նշեց` քանի որ Շիրակի մարզը նաև աղետի գոտի է, և աղետի հետևանքները դեռևս վերացված չեն, լրացուցիչ գումարներ են հատկացվում։ «Օրինակ` այս տարի Գյումրիում երկու հոգու բնակարանների գնման վկայականներ տվեցինք: Արթիկում բնակելի շենք էր վթարվել, և 22 հոգու բնակարան տվեցինք, 8 հոգու` փոխհատուցում, որ բնակարան գնեն գյուղական համայնքներում»,- հայտնեց Խաչատրյանը։

Մարզպետը նշեց, որ կապիտալ շինարարությունն այս տարի մարզում 50 տոկոսով ավելի է եղել, քան անցած տարի։ «Դրանից բացի` Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում ունենք խոշորացված համայնքների աջակցության ծրագիր։ Եթե համայնքները լավ ծրագիր են իրականացնում, կարող են նաև լրացուցիչ գումար ստանալ»,- ասաց նա։

Խաչատրյանը հավելեց, որ բյուջեի քիչ լինելու մասին բողոքներն անհիմն են, Երևանի հետ համեմատելը սխալ է։ Նրա խոսքով՝ մարզում բավականին ներդրումներ են եղել են 2017-ին: ««Կումայրի» ծրագրի շրջանակներում հսկայական ներդրում է տեղի ունեցել: Արթիկի շրջանում մոտ երեք հեկտար մակերեսով երեք միլիոն արժողությամբ ջերմոցներ ենք կառուցել ներդրումների միջոցով: Մասնավոր ներդրումներ անողներ կան, ոչ այնքան շատ, բայց հետաքրքրված են. բազմաթիվ մարդիկ են գալիս և հետաքրքրվում` ինչեր կարելի է անել, որ բիզնեսն է այստեղ կենսունակ։ ՏՏ բնագավառում ընկերություններ են բացվել, որոնցից մեկն, ի դեպ, գյումրեցի երիտասարդի է, նա Գյումրիից գնացել էր, հիմա իր ծննդավայրում ամերիկյան ընկերություն է հիմնել»,- ասաց մարզպետը։

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկու այն հայտարարությանը, թե ԵՄ-ի կողմից Հայաստանի հատկացումների մեծ մասը Շիրակի մարզ է ուղղվելու, Խաչատրյանը նշեց, որ ԵՄ-ի կողմից մեկ միլիոն եվրոյի հատկացում է լինելու, որպեսզի գորգագործությանը զարկ տրվի։ «Ամասիայում զարգացնելու ենք ոչխարաբուծությունը։ Վերջնական նպատակը գորգագործության վերականգնումն է, բայց, որպեսզի գորգագործություն ունենանք, պետք է ունենանք բուրդ, ուստի ոչխարաբուծության արժեշղթայի զարգացման համար մեկ մլն եվրո է տրամադրվել»,- ասաց նա։

Մարզպետի տեղեկացմամբ` 2018-ին գործուն քայլեր են ձեռնարկվելու տուրիզմի զարգացման ուղղությամբ։ «Ներդրողների հետ ենք խոսում, որպեսզի ծրագիր մշակենք հատուկ տուրիզմի զարգացման համար։ Տուրիզմի զարգացման հայեցակարգն ենք մշակել, հստակ քայլեր ենք նախաձեռնում։ Գյուղատնտեսության զարգացման բնագավառում էական ծրագիր ունենք, բայց ամենակարևորը` կան պետական ծրագրեր պետական ներդրումների վերաբերյալ, որոնց խաղի կանոնները հստակեցվեցին կառավարության կողմից. կա լիզինգային ծրագիր, ինտեսիվ այգիների ծրագիր, տոհմային տնտեսությունների զարգացման ծրագիր, այսինքն` պետությունը մեզ համար միջավայրը ստեղծում է, այստեղ պարզապես պետք է աշխատել, որպեսզի մեր մարզի բնակիչներն առավելագույնս օգտվեն ընձեռված հնարավորություններից»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը:

yerkir.am

Տպել Տպել