Սեղմված գազի գնի կտրուկ բարձրացումը կարող է հանգեցնել տրանսպորտի ուղեվարձի վերանայմանը

Ինչպես եւ կանխատեսվում էր տարեվերջին, 2018թ. հունվարը սկսում ենք թանկացումներով. թանկացել են բենզինը, սեղմված գազը, դիզվառելիքը: Գնաճի պատճառների, դրանց կանխարգելմանն ուղղված քայլեր իրականացնելու և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

-Պարո´ն Պարսյան, տարեվերջից սկսած մի շարք ապրանքների գնաճ նկատվեց, որը, շատերի գնահատմամբ, աննախադեպ է: Նախ, ի՞նչ հանգամանքներով կբացատրեք այս գնաճը:

-Սպառողական գների աճը հաշվարկվում է 470 ապրանքի գների դինամիկային համապատասխան, սակայն գործնականում սպառողների ծախսերի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում պարենային ապրանքներին, ինչը բացատրվում է ցածր աշխատավարձերով և շուրջ 30 տոկոս աղքատության մակարդակով: Յուրաքանչյուր տարեվերջի գրանցվում է սպառողական, նույնն է` առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը, մասնավորապես՝ կարագի, շաքարավազի, մսի, ձվի և այլն, ինչն արդարացիորեն մեր ազգաբնակչության շրջանում բողոքի առիթ է ստեղծում:

Գների բարձրացման պատճառներն օբյեկտիվ և սուբյեկտիվ են, մասնավորապես՝ տարեվերջին կտրուկ ավելանում է մի շարք ապրանքների նկատմամբ պահանջարկը, իսկ շուկայում գերիշխող կամ մենաշնորհ դիրք ունեցող տնտեսվարողները, հակամրցակցային համաձայնության գալով ,ավելի են բարձրացնում գները:

Բացի այդ` եթե նախկինում մենք ունեինք մենաշնորհով ներմուծողներ-մեծածախ վաճառողներ, ապա ներկայումս մանրածախ առևտրում ևս գրանցվում է համակենտրոնացման մակարդակի աճ, այսինքն՝ փոքր խանութների կրճատման հաշվին հիմնվում և ընդլայնվում են խոշոր սուպերմարկետների ցանցերը:

-Շատերը պնդում են, որ գնաճը ԵԱՏՄ-ին անդամակցությամբ է պայմանավորված: Իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ պնդումը:

-Այս տարվա հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերն ավելացել են հիմնականում 1-2 տոկոսի չափով, մասնավորապես՝ թեյի, կարագի, հավի մսի և այլն:
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ կատարվել են հաշվարկներ, ըստ որենց՝ մաքսատուրքի ավելացման արդյունքում գնաճը կկազմի 0.4 տոկոս, որը զգալի չէ, անշուշտ, եթե զսպվի մենաշնորհների ախորժակը, քանի որ հաճախ օբյեկտիվորեն գների` 1-2 տոկոս աճը մեր դեպքում դառնում է 5-10 տոկոս, ինչը վկայում է մեր ներքին շուկայում ոչ առողջ մրցակցության մասին: Այստեղ մեծ անելիք ունի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

-Խոսվում է` 800 անուն ապրանքների թանկացման մասին: Բայց մի քանի ապրանքների անուն է շրջանառվում` միս, սուրճ, բենզին, սեղմված գազ… Ի վերջո, տեղեկություն կա՞, որոնք են այդ 800 ապրանքները, որ այս հունվարից արդեն թանկանալու են:

-Չպետք է շփոթել մաքսատուրքերի և ներքին հարկերի բարձրացման դեպքերը: Մասնավորապես՝ հունվար 1-ից արդեն ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքով նախատեսված է սեղմված բնական գազի, ալկոհային խմիչքների, ծխախոտի ակցիզային դրույքաչափերի աճ, ինչը ֆիսկալ՝ պետական բյուջեն լցնելու նպատակ ունի:

Ակցիզային հարկը բարձրանում է հիմնականում ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների համար, բացառություն է սեղմված բնական գազը, որն արդեն իսկ թանկացել է: Սեղմված բնական գազի գնի կտրուկ բարձրացումը հետագայում կարող է հանգեցնել տրանսպորտի ուղեվարձի վերանայմանը:

-Երբ միջազգային շուկայում տարբեր ապրանքներ թանկանում են, այստեղ էլ են դրանց գներն աճում, երբ ինչ-ինչ ապրանքներ էժանանում են միջազգային շուկայում, այստեղ էժանացում չի նկատվում: Ինչո՞ւ:

-Դեկտեմբերին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել էր «Կարագի գնի բարձրացման պատճառները: Մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները» թեմայով վերլուծություն, որի շրջանակներում ուսումնասիրվել էին կարագի միջազգային շուկայում տենդենցները և գները:

Արևմտյան Եվրոպայի երկրներում մեծածախ նորզելանդական կարագի 1 կգ-ի գինն իր առավելագույնին է հասել 2017 թվականի սեպտեմբերին՝ 8.075 ԱՄՆ դոլար, հոկտեմբերին՝ 7.05 ԱՄՆ դոլար, նոյեմբերին՝ 5.969 ԱՄՆ դոլար: Նույն միտումն է գրանցվել նաև համաշխարհային շուկայում, այսինքն՝ վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է կտրուկ գնանկում, ինչը, ցավոք, չի դիտվում Հայաստանում: Ստացվում է, որ մի հրաշքով մեր տնտեսվարողները՝ բոլորը, ներմուծում են իրականացրել սեպտեմբեր ամսին` թանկ գներով, և այժմ ստիպված են հաջորդող ամիսներին բարձր գներով իրացնել իրենց ապրանքները: Այս երևույթը բացատրվում է նրանով, որ Հայաստանի կարագի շուկայում գործում են մեծ թվով ներմուծողներ և արտադրողներ, սակայն գերիշխող դիրք ունի «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը իրականացնում է միաժամանակ ներմուծում և մանրածախ վաճառք:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից «Ալեքս Գրիգ»-ի գործունեությունը պետք է ուսումնասիրվի ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում և ոչ` անջատ: Հակառակ դեպքում կունենանք այն, ինչ ունենք՝ մանրածախ վաճառքում գների սրընթաց բարձրացում և գների իջեցման արգելակող էֆեկտ: Նման գերիշխող դիրք և հակամրցակցային համաձայնություններ են գրանցվում նաև այլ շուկաներում:

-Ինչպե՞ս պայքարել գնաճի դեմ:

-Ցավոք, գնաճի դեմ պայքարի լիբերալ և ոչ արմատական մեխանիզմները չենք փոխում տասնամյակներով: Կենտրոնական բանկը կարծում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման և իջեցման շնորհիվ կարող է զսպել կամ կառավարել գնաճը, ինչը սպառողական ապրանքների դեպքում չի արդարացնում:

Կարծում եմ` նախ անհրաժեշտ է առանձնացնել 3 սոցիալական խմբերի համար սպառողական զամբյուղներ՝ երեխաների, աշխատողների և կենսաթոշակառուների համար, և յուրաքանչյուրի համար հաշվարկել գնաճային ճնշումները:

Երկրորդ՝ պետք է վերանայել ՏՄՊՊՀ-ի լիազորությունները և կազմը, ավելի անկախ և վստահելի դարձնել այդ մարմինը: Երրորդ՝ մշակել և կյանքի կոչել հակամենաշնորհային քաղաքականությունը, որը հիմնված չի լինի զուտ մաքսային և հարկային վարչարարության բարելավման վրա, քանի որ գործնականում «նոր» մեծածախ վաճառողները կամ արտադրողները հաճախ չեն կարողանում մանրածախ վաճառք մուտք գործել խոշոր ֆինանսական ծախսերի և առևտրային ցանցերի խտրականության արդյունքում:

Չորրորդ՝ ելնելով մեր շուկայի փոքրությունից, չպետք է բացառել մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունեությունը, սակայն օրենքի ուժով այդ ընկերությունները պետք է դառնան բաժնետիրական, բաժնետոմսերի որոշ մասը ազատ վաճառքի հանվի, ինչն էլ կնպաստի հանրային վերահսկողության և եկամուտների վերաբաշխման հաստատմանը:

Մեր հասարակության մեջ շատ հարուստների ու աղքատների միջև խզումը մտահոգիչ է, որն էլ նոր սոցիալական բունտերի առիթ կարող է դառնալ: Այստեղ է, որ մեծ նշանակություն ունի սոցիալական արդարության սկզբունքի ներդրումը: Հինգերորդ՝ ժամանակն է, որ տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման հիմքում դրվեն պետական կարգավորման հստակ մեխանիզմներ:
Առանձին դեպքերում պետությունն ինքը կարող է իրականացնել այս կամ այն սոցիալական նշանակության ապրանքների ներմուծումը և իրացումը:

Գնաճն անխուսափելի է, սակայն կարգավորվող պետք է լինի, այսինքն՝ ազգաբնակչության եկամուտներն ավելի արագ պետք է աճեն, քան գները:

Զրուցեց Ամալյա Առաքելյանը

Տպել Տպել