Հայոց ցեղասպանության ճանաչում, Արցախին օգնություն…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ներկայացրել է 2018թ. առաջնահերթ ծրագրերը

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) մոտ մեկ ժամ տևողությամբ տեսանյութով ներկայացրել է ընթացիկ տարվա համար հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող առաջնային ծրագրերն ու նպատակները:

Ինչպես նշում է Asbarez-ը, դրանք վերաբերում են Արցախի Հանրապետության անվտանգությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայ-ամերիկյան տնտեսական, քաղաքական և ռազմական կապերի ամրապնդմանը:

Տեսանյութում ելույթ է ունենում ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը կոչ է անում Հայաստանի բարեկամներին գործի անցնել ու կառույցի ծրագրերի իրականացմանը նպաստող նամակներով դիմել ամերիկացի կոնգրեսականներին:

Մասնավորապես՝ Արցախի մասով ANCA-ն պատրաստվում է ԱՄՆ նախագահի աշխատակազմին խնդրել զգալի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի այն դադարի խոչընդոտել Արցախում սահմանային լարվածության թուլացմանն ուղղված Ռոյս-Էնգել առաջարկի կյանքի կոչմանը: Նշենք, որ տվյալ առաջարկում կոչ է արվում դիպուկահարներին հեռացնել շփման գծից, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգեր և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար:

Բացի այդ, ANCA-ն առաջարկում է դադարեցնել Բաքվին ռազմական օգնության տրամադրման ծրագիրը, Կոնգրեսի կողմից Արցախում ականազերծման աշխատանքների, ինչպես նաև մարդասիրական առաքելությունների իրականացման համար առնվազն 8 մլն դոլար հատկացնել:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա ANCA-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրում է ապրիլի 24-ին հանդես գալ հայտարարությամբ ու դատապարտել Թուրքիային: Բացի այդ, կառույցը Կոնգրեսից ակնկալում է Ցեղասպանությունը դատապարտող երկկուսակցական բանաձևերի ընդունում:

ANCA-ի համար առաջնահերթությունների շարքում է նաև անցած տարվա մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի ու նրա աջակիցների խմբի անդամների կողմից խաղաղ ցույց անող հայերի նկատմամբ դաժան հարձակման դեպքի հետաքննության շարունակումը: ANCA-ն խնդրում է վարչակազմին դիմել Թուրքիային ու պահանջել հարձակման մասնակիցների արտահանձնումն ԱՄՆ-ին:

Բացի այդ, կառույցը կոչ է անում ավելի սերտ համագործակցել Հայաստանի հետ, երկկողմ առևտուրն ու ներդրումները զարգացնելու նպատակով կնքել հարկային համաձայնագիրը, ուղիղ չվերթներ բացել Լոս Անջելեսի և Երևանի միջև, ինչպես նաև 2019թ. բյուջեի շրջանակում առնվազն 40 մլն դոլար օգնություն հատկացնել Հայաստանին՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական, ռազմական կապերը զարգացնելու համար, և ևս 40 մլն դոլար հատկացնել Մերձավոր Արևելքից ժամանած փախստականներին ապաստանելու համար:

Ամենավերջում ANCA-ն դիմում է ԱՄՆ-ի կառավարությանը՝ խնդրելով դադարեցնել Թուրքիային ու Ադրբեջանին զենք-զինամթերքի վաճառքը:

tert.am

Տպել Տպել